06/04/2017 15:52
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված ցուցահանդես
Երևանի քաղաքապետարանի և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես:
«Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Արցախի նոր սերնդի ինը արվեստագետների շուրջ 6 տասնյակ աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ և գրաֆիկա:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը, նշել է. «Այսպիսի միջոցառումները գալիս են խնկարկելու մերօրյա հերոսների հիշատակը, ովքեր այլևս մեզ հետ չեն և միևնույն ժամանակ մեզ հետ են, ու նրանց որոշակի դրսևորումներ արտահայտվում են այս ստեղծագործություններում»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 15-ը: