18/04/2017 10:45
Հայ բժշկության թանգարանի բացառիկ ցուցանմուշները (Լուսանկարներ, տեսանյութ)
Գանգեր, կմախք, «նարկոզի» նախնադարյան ապարատ, մեկ դարից ավելի կյանք ունեցող բժշկական գրականություն. այս ու այլ շատ բժշկական իրեր հոգեբույժ Հարություն Մինասյանի ստեղծած Հայ բժշկության թանգարանում են:
65-ամյա բժիշկը իր երկարատև գործունեության ընթացքում երազել է հիմնել հայ բժշկության թանգարան ու քայլ առ քայլ գնացել երազանքի իրականացման ուղղությամբ: Սկսել է տարբեր տեղերից հավաքել բժշկական իրեր կամ գնել է Վերնիսաժից, կամ ականավոր բժիշկների ժառանգներն են նվիրել՝ նրա հավաքածուն հարստացնելու համար:
Օրինակ, Արարատի մարզում հնագետների հետ միասին մասնակցել է պեղումների և գտել հիվանդ մարդու գանգ, որն այժմ նրա հավաքածուի մաս է կազմում:
Մի քանի բարեգործի օգնությամբ Շենգավիթ վարչական շրջանի շենքերից մեկում (Արշակունյաց 44/1, բն. 43) 3 սենյականոց բնակարան է գնել, վերանորոգել ու սենյակներն առանձնացրել՝ ըստ նախնադարյան, միջնադարյան և նոր ժամանակների շրջանների իրերի: Թանգարանի մուտքն անվճար է:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հարություն Մինասյանը ասաց, որ բազմիցս դիմել է պատկան մարմիններին՝ Երևանի կենտրոնում թանգարանին տարածք տրամադրելու համար, սակայն նրա դիմումներն անտեսվել են, դրանց ընթացք չի տրվել:
Մանրամասները՝ տեսանյութում