20/04/2017 16:07
Արգելվել է Աշոտ Ջազոյանի մուտքը Ուկրաինա. Չի բացառվում Ադրբեջանի միջամտությունը
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է Ռուսաստանի Դաշնության Լրագրողների միության քարտուղար, Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանի մուտքը երկիր՝ պատճառաբանելով, որ նա այցելել է Ղրիմ։
Aysor.am-ի հետ զրույցում Աշոտ Ջազոյանն ասաց, որ իր համար շատ զարմանալի է այդ որոշումը։
«Ճիշտն ասած, զարմանալի էր ինձ համար, որովհետև ես լրագրողների ռուս-ուկրաինական երկխոսության համակարգողն եմ ու ռուս և ուկրաինացի լրագրողներս ազատ հանդիպում ենք ԵԱՀԿ հովանու ներքո՝ Վիեննայում», - ասաց Աշոտ Ջազոյանը։
Նա նշեց, որ ռուս և ուկրաինացի լրագրողներով ձգտում են գտնել փոխադարձ ընդունելի եզրեր, որ միշտ լինեն երկխոսության մեջ, օգնել լրագրողներին` հասկանալու միմյանց, ընբռնելու իրավիճակը, փորձելու հաղթահարելու երկրի արևելքում ստեղծված կոնֆլիկտը։
Ջազոյանի խոսքով՝ երկու երկրների լրագրողներով բազմաթիվ համատեղ աշխատանքներ ունեն իրականացրած, մի շարք նախագծերի հեղինակ էլ անձամբ ինքն է։
Ա. Ջազոյանը չի կարող ասել, թե ինչպես են շարունակվելու հետագա աշխատանքները։
«Չեմ կարող ասել, բայց, համենայնդեպս, տարօրինակ է։ Ընդամենը մեկ ամիս հետո ես իրենց հետ պետք է հանդիպեմ, ու չգիտեմ էլ, թե ոնց պետք է հանդիպեմ», - ասաց Աշոտ Ջազոյանը։
Նա նշեց, որ երկու տարվա ընթացքում մոտավորապես 25 հանդիպում է ունեցել ուկրաինացի լրագրողների հետ։ Հանդիպումները եղել են եվրոպական երկրներում։
«Վերջին նախագիծը, որ իրականացրել ենք ռուս և ուկրաինացի լրագրողներով, ավարտել ենք նոյեմբերին: Մեկ շաբաթ առաջ ավարտել ենք ֆիլմի մոնտաժման աշխատանքները։ Հիմա ես ինչպե՞ս պետք է այն ներկայացնեմ», - ասաց Աշոտ Ջազոյանը։
Հարցին, թե ուկրաինացի լրագորղներն ինչպես են արձագանքում այս խնդրին, Աշոտ Ջազոյանն արձագանքեց. «Խնդրին, իհարկե, անդրադարձել են նաև ուկրաինացի լրագրողները։ Նույնիսկ մոտ կես տարի առաջ ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչն ուղղակի մեծ աղմուկ բարձրացրեց։ Ու քանի որ ես իրենց հետ երկխոսության մեջ եմ, ռուսական մամուլն ինձ այդքան էլ լավ չի ընդունում։ Ռուսաստանի կողմից ոչ բոլոր լրագրողներն են ընդունում այդ երկխոսությունը. ստացվում է, որ երկու կողմից էլ ընկալման խնդիր կա։ Բայց ես կարծում եմ, որ ինքս ճիշտ եմ, որովհետև ուկրաինական լրագրողները շատ տաղանդավոր են»:
Աշոտ Ջազոյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ իր համար զարմանալի է այդ վերաբերմունքը։ Նա ընդգծեց, որ բազմիցս եղել է Ղրիմում և չի կարծում, թե կարող էր խնդիր լինել։
Ա. Ջազոյանը չի բացառում նաև, որ ադրբեջանական խողովակներով դրված լինի այս արգելքը։