20/04/2017 12:03
Հայաստանը շրջափակման մեջ պահել փորձողները կունենան զրոյական արդյունք. Վարդան Ոսկանյան
Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու արագ և որակյալ շինարարությունը կարող է Հայաստանին դարձնել Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի կարևորագույն օղակը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Հայաստանը շրջափակման մեջ պահել փորձողները, խոսքը թուրք-ադրբեջանական դաշինքի մասին է, կունենան զրոյական արդյունք, և մեր երկիրը կդառնա Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի կարևորագույն օղակ, եթե ոչ՝ ամենակարևորագույնը», - նշեց մասնագետը:
Նրա տեղեկացմամբ՝ այդ է վկայում օրերս Թբիլիսում Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի արված հայտարարությանը առ այն, որ Իրանը ջանալու է իրականացնել Սև ծով և Պարսից ծոց միջանցքի ծրագիրը՝ նաև շեշտելով այդ ծրագրում Հայաստանի դերակատարությունը:
Aysor.am-ի թղթակցի հարցին՝ ինպե՞ս կմեկնաբանի Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեի հայտարարությունը, որ Վրաստանն անցնելու է ադրբեջանական գազի սպառմանը՝ հրաժարվելով ռուսական գազից, իրանագետը պատասխանեց.
«Գազային ոլորտում Վրաստանը որոշակի քայլեր է իրականացնում դիվերսիֆիկացնելու իր հնարավորությունները: Չեմ կարծում, թե վրացական կողմը շատ խանդավառված է այն կախյալ վիճակից, որն առկա է այս երկրում՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական ներկայությունը: Եվ, բնականաբար, վրացական կողմը ջանքեր կգործադրի դիվերսիֆակացնելու իր ունեցած հնարավորությունները նաև գազային ոլորտում»:
Դիտարկմանը՝ արդյոք Վրաստանի վարած քաղաքականությունը կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ Հայաստան-Վրաստան-Իրան համագործակցության ոլորտում, Վարդան Ոսկանյանը նշեց, որ այդպես չի կարծում, քանի որ Հայաստանը, Իրանը և Վրաստանը քննարկում են և որոշակի քայլեր են իրականացրել ձևավորելու գազային դաշտում եռակողմ համագործակցության ոլորտ:
Բացի այդ, նա նշեց, որ շատ կարևոր է չմոռանալ այն մասին, որ Հայաստանն Իրանի և Թուրքմենստանի հետ կարող է ձևավորել գազային համագործակցության եռակողմ ձևաչափ՝ արդեն իսկ էլեկտրաէներգայի փոխանցման ոլորտում ունենալով «Հայաստան- Վրաստան-Իրան-Ռուսաստան» քառակողմ համագործակցություն:
Վ.Ոսկանյանը հավելեց, որ Հայաստանի՝ «բոլոր ոլոտներում խաղալ ոչ թե տարբեր ուժերի հակասությունների վրա, այլև համադրել տարբեր առկա խաղացողների շահերը, շատ խելամիտ և ճշգրիտ որդեգրած քաղաքականություն է»: