20/04/2017 13:18
Հայաստանի խորհրդարանը պետք է կոռուպցիայի դեմ պայքարը մղի առաջին պլան. Ռուս փորձագետ
Ռուսաստանում շատ մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի միջազգային հարաբերությունների և արտաքին տարածաշրջանային ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, փորձագետ Օլգա Պավլենկոն՝ անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
«Կովկասում Հայաստանը Ռուսաստանի համար կարևորագույն գործընկերներից մեկն է և հնագույն արմատներ ունեցող պետությունում կատարվածը անհանգստացնում է ռուսական քաղաքական էլիտային ու հասարակությանը: Շատ կարևոր է, որ իշխանությունը ձևավորի երկխոսության հարթակներ՝ ոչ միայն առաջին, այլ նաև երկրորդ դասի էշելոնների հետ», - ասաց փորձագետը:
Երկխոսության հարթակներում, ըստ Պավլենկոյի, կարելի է քննարկել այնպիսի խնդիրներ, հարցեր, որոնք անհանգստացնում են հասարակությանը: Այդ առումով, քաղաքագետի խոսքով, Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությունը և խորհրդարանի դերի բարձրացումը մեծ նշանակություն ունի:
«Պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր պետությունում պետք է լինի կառուցողական քննադատությունների տարածք, քանի որ իշխանությունը միշտ պետք է ազդակներ ստանա հանրությունից՝ ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի համար», - նկատեց Պավլենկոն:
Նրա կարծիքով, Հայաստանում մեծ խնդիր է կոռուպցիայի դեմ պայքարը:
«Կոռուպցիան մտահոգում է և Հայաստանի, և Ռուսաստանի հանրությանը: Կոռուպցիան ի վիճակի է ոչնչացնել ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլերը, հենց կոռուպցիոն սկանդալներն են խորը ջրբաժան առաջացնում էլիտայի ու հասարակության միջև: Այդ պատճառով հասարակական վերահսկողությունը կոռուպցիայի գծով, պատասխանատվությունը կարևոր խնդիր է: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդավարական նախաձեռնությունների զարգացմանը զուգահեռ, Հայաստանի խորհրդարանը պետք է կոռուպցիայի դեմ պայքարը մղի առաջին պլան», - ասաց Պավլենկոն:
Նշենք, որ Օլգա Պավլենկոն այսօր մասնակցում էր «Իրական հեղափոխություն և «գունավոր» հեղաշրջում» թեմայով միջազգային կլոր սեղանի քննարկումներին: