21/04/2017 16:36
Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին համագործակցության կոչ է արել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել համագործակցել, այլ ոչ թե սպառազինություն տեղակայել դաշինքի արևելյան սահմաններին, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք պատերազմ չենք ցանկանում… Ինչո՞ւ եք զենք տեղակայում մեր սահմաններին: Եկեք միասին առանց իրար խաբելու հանդիպակաց քայլեր անենք: Մենք խնդիրներ ունենք, որոնք պետք է միասին լուծենք…», - հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում՝ խորհրդարանում ելույթի ժամանակ:
«ՆԱՏՕ-ն իր զորքերը տեղակայում է մեր և մեր դաշնակից Ռուսաստանի սահմանների մոտ… Իսկ մեզանից պահանջում է. ոչ մի զորավարժություն… մենք ձեր սահմանների մոտ չենք տեղակայում Չինաստանի, Թուրքիայի կամ նույն Ռուսաստանի զորքերը, որի հետ միասնական խմբավորում ունենք», - հավելել է Բելառուսի նախագահը:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ Բելառուսի շահերից է բխում քայլ առ քայլ խորացնել երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ: