21/04/2017 11:55
Սարի թաղը նախատեսված չէր հավաքների համար, իսկ հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր. ՄԻՊ
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, սակայն, ոստիկանությունը սկզբունքորեն ունի դրա իրավունքը, սակայն ոչ անհամաչափ եղանակով։
Ինչ վերաբերում է Սարի թաղի դեպքին, ապա Արման Թաթոյանի խոսքով, ի սկզբանե Սարի թաղը նախատեսված չէր հավաք անցկացնելու համար։
«Սարի թաղն ասոցացվում էր բռնության հետ, օրեր առաջ բախումներ էին տեղի ունեցել արդեն Սարի թաղում։ Ես եղել եմ Սարի թաղում ու տեսել եմ, թե ինչպես են քաղաքացիական ու ոստիկանական մեքենաները երթևեկում լույսերն անջատած, քանի որ ՊՊԾ գնդից կրակոցներ էին արձակվում», - ասաց նա։
ՀՀ ՄԻՊ-ը շեշտեց՝ խնդրահարույց էր Սարի թաղ գնալը։
«Երթ անցկացնելու հետևանքն էլ այն եղավ, որ հատուկ միջոցների կոպիտ գործադրմամբ մարդիկ սկսեցին պատսպարվել բնակիչների տանը, իսկ ոստիկաններն էլ մտան նրանց տուն, որի իրավունքը չունեին: Այն եղանակը, որը գործադրվեց, անթույլատրելի էր, որովհետև ոստիկանությունը որևէ զգուշացում չարեց մարդկանց՝ հատուկ միջոցների կիրառման մասին», - ասաց Արման Թաթոյանը։