24/04/2017 17:03
Ցեղասպանության ենթարկված հայ բժիշկները (Տեսանյութ, լուսանկարներ)
Հայ բժշկության թանգարանում, որտեղ ցուցադրված է հոգեբույժ Հարություն Մինասյանի անձնական հավաքածուն, մի առանձին հատվածում ներկայացված են Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված հայ բժիշկները: «Ստենդը», որի վրա տեղադրված են հայ հայտնի բժիշկների լուսանկարները, ծածկված է խորհրդանշական փշալարերով, բանտ հիշեցնող շղթաներով, կախված է պարան, որով Թուրքիայում շատ հայ մտավորականներ են կախել, տարբեր տեսակի զենքեր:
Հարություն Մինասյանը մատնանշում է Ռուբեն Դերձակյանին, որի լուսանկարը փակցված է «ստենդին»: Դերձակյանն ունեցել է ֆիդայական անվանում՝ Փայլակ և մասնակցել է ազգային ազատագրական պայքարին: Հակոբ Թերզյանը, որը բժիշկ էր ու նաև լուսանկարչության մասին առաջին գրքի հեղինակը:
«Այն ժամանակ բժիշկները նեղ մասնագիտացում չեն ունեցել, ինչպես այսօր է՝ ակնաբույժ, քիթ-կոկորդի բժիշկ: Ժամանակին բժիշկ էին ասում, և նրանք ամեն ինչ կարողանում էին անել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Մինասյանը:
Ցեղասպանության ենթարկված բժիշկներն են՝ Պեննե Թորոսյան, Միհրան Ալթունյան, Ոսկան Թոփալյան, Սարգիս Սերթալյան, Նշան Նահիկյան, Պեյազյան Էտուար, Արալանյան Լևոն, Հովհաննես Թերզյան, Մինաս Յարմանյան, Հարություն Փաշապեզյան, Ստեփան Միսաքճյան, Վարդան Քեշիշյան, Սերթլյան Սարգիս:
«Սրանք մարդիկ են, ովքեր հիմնականում ավարտել են եվրոպական բժշկական ուսումնական հաստատություններ: Ասեմ, որ Թուրքիայի առողջապահությունը հիմնականում հիմնադրել են հայերը: Նրանք առաջին հերթին սովորում էին Արևմտյան Հայաստանի գյուղերում ու քաղաքներում բացված միսիոներական դպրոցներում», - ասաց Մինասյանը:
Թուրքիայի առողջապահական համակարգի հիմնադիրը, ըստ հոգեբույժի, լավ կրթություն ստացած տեղի հայերն են եղել և արդյունքում ստեղծվել է առաջին կայսերական բժշկական միությունը, որի 80 տոկոսը հայեր են եղել:
«Կարելի է միանգամայն վստահորեն ասել, որ Թուրքիայի առողջապահական համակարգի հիմնադիրը հայերն են եղել: Հայեր, որոնք ծագումով արևմտյան Հայաստանից էին, բայց կրթություն էն ստացել Եվրոպայում», - ասաց Մինասյանը: