24/04/2017 12:01
Պետք է հետ վերցնենք մեր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից ու պահանջենք տարածքների վերադարձ. Զարուհի Փոստանջյան
Ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը հանի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից, այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Արդեն ժամանակն է, նույնիսկ մենք ժամանակ ենք կորցրել, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունների տակից հետ վերցվի Հայաստանի Հանրապետության ստորագրությունը: Թեպետ արձանագրություններն արդեն ԱԺ-ում չեն, բայց դրանց տակ շարունակում է մնալ Հայաստանի ստորագորւթյունը: Բացի այդ մենք պետք է իրավունքի ուժով ճանաչենք մեր պահանջատիրությունը», - ասաց Զարուհի Փաստանջյանը:
Նա նշեց, որ սրա վերաբերյալ ժամանակին ներկայացրել է երեք օրինագիծ.
«Առաջինը վերաբերում է Թուրքիայի կողմից մեր հայրենիքի բռնազավթման դատապարտմանը, երկրորդը` քեմալաբոլշևիկյան գործարքին, քանի որ Հայաստանի տարածքներն ուղղակի նվիրաբերվել են Թուրքիային, և երրորդը վերաբերում է բնիկ ժողովուրդների իրավունքներին: Մենք` հայերս, այս տարածքի բնիկ ժողովուրդ ենք, ու այդ տարածքը երկիր ծիրանին է: Կարծում եմ` այս պահին մենք չպետք է սգանք, այլ մեր պահանջները ներկայացնենք, քանի որ վերածնվել ենք: Պետություններից պահանջել Ցեղասպանության ճանաչում` արդյունավետ չէ: Մենք պետք է պահանջենք ոչ թե Ցեղասպանության, այլ մեր իրավունքների ճանաչում ու մեզ հասցված վնասների հատուցում: Դրանք և՛ նյութական են, և՛ բարոյական են, և՛ տարածքային: Պետք է պահանջենք մեր տարածքային ամբողջականության վերականգնում», - ասաց Զարուհի Փոստանջյանը: