27/04/2017 17:44
Արա Զոհրաբյանը պարտավոր էր լինել այստեղ. Լուսինե Սահակյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պարտավոր էր լինել այստեղ, փաստաբանների կողքին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հայտարարեց Փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը:
«Եթե Փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբի համակարգողն է հարձակում գործում փաստաբանների վրա, ապա ի՞նչ սպասենք մենք այս պալատից: Արա Զոհրաբյանի բացակայությունը այստեղ արդեն իսկ շատ խոսուն է: Մենք գնալու ենք մինչև վերջ, որ մեղավորները քրեական պատասխանատվության ենթարկվեն: Նրանք իրավունք չունեն լինել փաստաբան», - ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբան Աթանեսյանն իր հերթին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն ու իր գործընկերոջը՝ Արմեն Սողոմոնյանին ծեծի ենթարկողներին փաստաբան չի համարում:
«Նրանք ուղղակի արտոնագիր ունեցող կերպարներ են», - ասաց Աթանեսյանը՝ տեղեկացնելով, որ նրանք միանգամից են մտել գրասենյակ, հայհոյել, ու հարձակվել իրենց վրա:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում Աթանեսյանը և փաստաբան Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել:
Աթանեսյանը տեղեկացրել էր, որ հարձակում են գործել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն: Աթանեսյանի գրասենյակում իրավապահները օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացնում: Արմեն Սողոմոնյանը ստացել էր վնասվածք դեմքի շրջանում և տեղափոխվել է հիվանդանոց: