29/04/2017 10:45
Լոռու մարզպետը գիտի, որ մարզային ճանապարհները խայտառակ վիճակում են
Լոռու մարզում տուրիզմի զարգացման ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարվել և մինչև այժմ էլ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։
«Պետությունը լուրջ աջակցություն է ցուցաբերում այս գործին, և ես վստահ եմ, որ Վանաձոր-Ալավերդ-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ավարտից հետո տուրիստների հոսքը Լոռու մարզում կավելանա», - ասաց մարզպետը՝ նկատելով, որ տուրիզմի, տնտեսության զարգացման նախապայմաններից մեկը որակյալ ճանապարհներ ունենալն է։
Լրագրողների դիտարկմանը, թե մարզային ճանապարհները խայտառակ վիճակում են, մարզպետը արձագանքեց. «Գիտեմ։ Ապարանից որ գալիս եք Վանաձոր, Ստեփանավանի խաչմերուկից սկսած ճանապարհների նորոգումն սկսված է։ Առաջին փուլը Վանաձոր-Թումանյան հատվածն է, դեպի Ալավերդի թունելները միասին, հետո արդեն՝ կշարունակվի դեպի Նոյեմբերյան ու Բագրատաշեն»։
Միջպետական ճանապարհների շինարարության ծրագիրը, մարզպետի տեղեկացմամբ, սկսվել է 2016-ին, առաջին փուլը կավարտվի 2018-ի վերջին։
Նալբանդյանի խոսքով` ճանապարհների շինարարության պատվիրատուն Տրնասպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և նախարարը հաճախ գալիս ու անձամբ հետևում է շինաշխատանքներին։
«Ես ինքս էլ եղել եմ ու տեսել։ Օրինակ՝ Ալավերդի տանող թունելում եթե նախկինում պարբերաբար խցանումներ էին լինում ու երկու մեծ մեքենա միաժամանակ չէին կարողանում անցնել այդ թունելով, ապա այս պահի դրությամբ թունելն իդեալական սարքել են», - ասաց մարզպետը։