02/05/2017 11:04
Սամվել Բաբայանը լրացուցիչ հարցաքննության է ենթարկվել
Վրաստանից Հայաստան «Իգլա»-ի տեղափոխման գործով կալանքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպանը ստացել է բողոքի մերժման մասին Վերաքննիչ դատարանի որոշումը և պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան:
«15-օրյա ժամկետ ունեմ ներկայացնելու բողոքը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի մերժման մասին որոշման հիմքերին՝ փաստաբանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը մերժման հիմքում որևէ լուրջ պատճառաբանություն չի նշել:
«Վերաքննիչ դատարանը գտել է, որ ներկայացված նյութերով առաջին ատյանի դատարանը ճիշտ որոշում է կայացրել: Ես հենց դա էի բողոքարկել, նշելով, որ ներկայացված նյութերում որևէ կերպ հիմնավոր կասկածը չի հիմնավորվում, բայց վերաքննիչը այդպես էլ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչով է հիմնավորում», - ասաց փաստաբանը:
Ավետիս Քալաշյանը նշեց, որ ճիշտ է, դիմում է Վճռաբեկ դատարան, սակայն որևէ հույս չունեն այդ դատարանից. «Եթե ազնվորեն ասեմ, առանձնապես ոչ մի հույս չունեմ: Բայց անկախ ամեն ինչից, ես իմ պարտականությունը պետք է կատարեմ»:
Փաստաբանն ասաց, որ քննչական գործողությունների շրջանակում Սամվել Բաբայանը լրացուցիչ հարցաքննության է ենթարկվել: Մեր հարցին, թե ինչո՞ւ է լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտություն առաջացել, փաստաբանը պատասխանեց. «Դե դա արդեն քննչական մարմինն է որոշում՝ անհրաժեշտություն կա՞, թե ոչ»:
Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը: Երրորդ անձի ինքնությունը բացահայտված չէ, ավելին, ըստ որոշ տեղեկությունների, նա նույնիսկ փաստաբան չունի:
Նրանց բոլորին առաջադրվել է միևնույն մեղադրանքը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»: