
04/05/2017 11:43
Աշտարակի դպրոցի 600 աշակերտ և ուսուցիչները դասադուլ են անում. կիսաքանդ դպրոցում այլևս անհնար է շարունակել ուսումնական գործընթացը
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 600 աշակերտների համար այս օրը չի սկսվել դասաժամերի սկիզբն ազդարարող դպրոցական զանգով: Նրանք, ի նշան բողոքի, դպրոց չեն եկել: Պատճառն այն է, որ 600 աշակերտի ուսումնական գործընթացով զբաղվող եռահարկ կիսաքանդ կառույցը դժվար է դպրոց անվանել:
Հիմնական դպրոցի հիմնանորոգման հարցը բարձրացվում է արդեն մի քանի տարի և պատճառը ոչ թե պատերի ոչ հաճելի գույնն է, կամ ոչ այնքան նոր պատուհանները, այլ` դպրոց կոչվելու համար առաջնային, կենսական անհրաժեշտություն համարվող պայմաններից մեկի` դասասենյակների բացակայությունը:
Դպրոցի ուսուցիչներն օգտագործում են ամեն ազատ անկյուն, միջանցքները, որոնք հնարավորինս նմանեցվում են դասասենյակների, որպեսզի ինչ-որ կերպ ապահովեն Աշտարակի 600 աշակերտների կրթական իրավունքի իրացումը:
«Հարցը բազմիցս ենք բարձրացրել: Խոստումները շատ են, իսկ գործողություն` չկա: Այսօրվա գործադուլ-դասադուլը մենք անվանում ենք նախազգուշական: Ցանկանում եմ նշել, որ ուսուցչական անձնակազմն ամբողջությամբ եկել է դպրոց, բայց գործադուլ է անում: Փորձում ենք նախազգուշացնել, որ արձագանքեն մեր ուղղած բազմաթիվ նամակներին, որ մեզ խոստումներ չտան ու այդ խոստումները մնան պարզապես թղթի վրա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ուսուցիչ Արմեն Գրիգորյանը:
Դպրոցի ուսուցչական անձնակազմը
Նա նշեց` առաջիկայում դպրոցը գնում է ամառային արձակուրդների ու հարցի կարգավորման համար ամենահարմար ժամանակն է:
«Սա պարզապես քմահաճույք չէ, ուզում ենք ահազանգել` այստեղ արդեն անհնարին է շարունակել ուսումնական գործընթացը», - ասաց ուսուցիչը:
«Դպրոցի ամենալուրջ խնդիրն այն է, որ, ունենալով 600 աշակերտ, այն ունի գործող միայն մեկ եռահարկ մասնաշենք: Այդ մասնաշենքն ուղղակի չի բավարարում երեխաների քանակին: Այսինքն դասասենյակները չեն բավարարում: Մենք ինչ անկյուն, ազատ տարածք կա` ձևափոխում ենք ու դարձնում ենք դասասենյակին քիչ թե շատ նման, որ երեխաները կարողանան դաս անել: Ոչ թե մենք ասում ենք` շենքը քանդված է, պատերի գույնը լավը չեն` եկեք սարքեք, այլ երեխաներն ուղղակի դասասենյակ չունեն, չեն կարողանում տեղավորվել: 36-37 հոգանոց դասարաններ ունենք», - ասաց Արմեն Գրիգորյանը:
«600 հոգանոց դպրոցն օգտվում է 3 հատ ոչ նորմալ վիճակում գտնվող սանհանգույցներից, բոլոր դասամիջոցներին սանհանգույցների դիմաց հերթեր են գոյանում: Ուսումնադաստիարակչական գործընթացը պարզապես նորմալ հնարավոր չէ իրականացնել: Մենք անընդհատ բարձրաձայնում ենք ու խնդրին լուծում չի տրվում: Հիմա սեպտեմբերին, երբ որ գանք դասի ու ավելանա աշակերտների թիվը` այլևս ոչ թե դասասենյակ, այլ պարզապես ազատ անկյուն, տարածք էլ չունենք, որ ձևափոխենք դասարանի նմանեցնենք ու իրենց ընդունենք դպրոց: Խնդիրը պարզապես անլուծելի է լինելու», - ասաց Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով` դպրոցի նորոգման պահանջներին արձագանքել են դեռ 2016թ.-ից, խոստումներ տվել, ասել` «հանգիստ եղեք»:
«2016թ.-ի հոկտեմբերին մեզ Արագածոտնի մարզպետարանից ասացին, որ խնդիրը լուծվել է և Տարածքային կառավարման նախարարության հետ պայմանավորվածություն կա, դուք հանգիստ եղեք: Ասացին` կլինի նախագիծ-նախահաշվարկ և 2017թ.-ին կլինի շինարարություն: Սպասեցինք, բայց մինչև հիմա ո′չ նախագիծ է արվել, ո′չ էլ շինարարություն: Դիմեցինք մարզպետարան, որ ճշտենք ` ե՞րբ ու ի՞նչ միջոցներով է իրականացվելու նորոգումը, մեզ պաշտոնական փաստաթղթով պատասխանեցին, որ 2017թ.-ին շինարարություն կլինի պետբյուջեից տրամադրած գումարներով: Արդեն 2017թ.-ի մայիս ամիսն է, բայց դեռ նույնիսկ նախագիծ չի արվել: Եվ վերջին աբսուրդային փաստաթուղթը, որ մեր ձեռքի տակ է` վերջերս ծնողներից մեկը, ովքեր շատ անհանգստացած են այս պայմաններում սովորող իրենց երեխաների համար, դիմել էր վարչապետին բաց նամակով: Ի պատասխան մեզ մարզպետարանից նորից թուղթ եկավ, որում ասված էր` 2018թ.-ին նոր կպատվիրվի դպրոցի նորոգման նախագիծ, շինարարության մասին` էլ չեմ ասում: Այսինքն նույնիսկ իրենց ուղարկած պաշտոնական փաստաթղթերն են իրար հակասում: Այնպես որ, որոշեցինք գնալ այս կտրուկ քայլերի», - հայտարարեց Արմեն Գրիգորյանը, նշելով, իրենց գործողությունները լինելու են շարունակական: