04/05/2017 14:37
ՀՀԿ-ում ինքնաբացարկների պատճառով ներքին բախումները բացառվում են. Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացառում է, որ իրենց կուսակցությունում ինքնաբացարկների պատճառով ներքին բախումներ կլինեն։
««Հանրապետականում» նման բան չի կարող լինել, և նման միտք արտահայտողն առնվազն տեղյակ չէ ՀՀԿ-ի ներքին կարգապահությանը, կուսակցականների հարաբերություններին, որոշումների ընդունման ձևաչափին, այդ պատճառով էլ նման անիրական, անհեթեթ բաներ են խոսում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքնաբացարկների պատճառով ՀՀԿ-ում էլ են ներքին բախումներ լինելու:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ում մշտապես որոշումների միասնական իրականացում է լինում:
«Կա կուսակցական կարգապահություն և նման բան, ինչը տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի հետ` ինքնաբացարկներ, բողոք գրել, հետո հետ վերցնել, չի կարող լինել մեզ մոտ, որովհետև մենք կարգուկանոնով կուսակցություն ենք: Երկրորդը` նրանք, ովքեր գրել են ինքնաբացարկ, կուսակցության որոշմամբ է եղել, և այդ բոլոր 9 անձինք կուսակցության որոշմամբ կաշխատեն այնտեղ, որտեղ կորոշի կուսակցությունը: Մենք միասնական թիմ ենք, թիմային աշխատանքն ու մտածելակերպն են գերիշխում մեզ մոտ», - ընդգծեց ՀՀԿ խոսնակը։
«Ոչ թե ես եմ որոշում, թե որտեղ պետք է լինեմ ու ինչ պիտի անեմ, այլ թիմն է որոշում՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ նման երևույթներ ՀՀԿ-ում և´ այսօր, և´ վաղը, և´ վաղը չէ մյուս օրը բացառվում են», - ասաց Է. Շարմազանովը։