14/05/2017 14:48
Զարուհի Փոստանջյանին ոստիկանները բռնի ուժով հանեցին Տարոն Մարգարյանի` Ավանի շտաբից. Լուսանկարներ
Ավան վարչական շրջանում գործող Տարոն Մարգարյանի շտաբում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. Զարուհի Փոստանջյանը հայտարարում էր, թե շտաբի սեղանի դարակում կան ընտրացուցակներ, որոնց վրա մարդկանց անունների դիմաց նշումներ են արված, իսկ շտաբի աշխատակիցները՝ ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Մանվել Ջավադյանի ղեկավարությամբ, պնդում էին, որ իրենց տարածքն է և իրենց մոտ ոչինչ չկա: Նաև հրաժարվում էին բացել դարակը:
Շտաբում ներկա էին մեծ թվով ոստիկաններ: Զարուհի Փոստանջյանը հաղորդում էր տալիս հանցագործության մասին, և արձանագրությունը կազմելու պահին դարակը բացվեց ու միջից հանվեցին փաստաթղթեր:
Իսկ ոստիկաններն էլ, այդ պահին բռնի ուժ գործադրելով, Փոստանջյանի թևերից բռնելով, դուրս հանեցին Տարոն Մարգարյանի շտաբից:
Զարուհի Փոստանջյանը բղավում էր, որ իրեն բաց թողնեն, սակայն ոստիկանները չէին լսում և բռնի ուժով փորձում էին նրան նստեցնել ոստիկանական մեքենա:
«Այդքան թույլ եք, որ վախեցաք հրապարակեիք ընտրախախտումների փաստը», - շնչակտուր հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ ավելացնելով, որ ոստիկանները տարան ընտրախախտումների մասին փաստեր: