15/05/2017 13:17
Ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, համատարած ընտրակաշառք է բաժանվել. «ԵԼՔ»
«ԵԼՔ» դաշինքը 2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ արաձանագրում է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում։
« «ԵԼՔ» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԵԼՔ» դաշժինքի անդամ Էդմոն Մարուքյանը՝ կարդալով դաշինքի հայտարարությունը։
Նա նշեց, որ ընտրական պրոցեսի ընթացքում ՀՀԿ նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառնքեր են բաժանվել։
«Այդ գործընթացն ունեցել է կազմակերպված ու կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ «ԵԼՔ»-ին հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ», - նշեց Է. Մարուքյանը։
Նա շեշտեց, որ ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը։
«ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին։ Ընտրակաշառքների բաժանման ու ստացման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ ու այդ երևույթի նկատամամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ», - ասաց նա։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ «ԵԼՔ» դաշինքն ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, ովքեր ընտրական տեղամասերում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ։
« «ԵԼՔ»-ն արձանագրում է, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր և կայուն հենարան և Երևանի ավագանիում «ԵԼՔ» խմբակցությունը իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցու պատվիրակը և ավագանիում հանդես է գալու նրանց անունից։ «ԵԼՔ»-ը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը և ամեն ինչ անելու է այս նպատակներին հասնելու համար», - հավալեց Է. Մարուքյանը: