19/05/2017 18:11
«Ելքը» կարող է ԱԺ չգալ, քանի որ նիստերը վարում է հանրապետական Շարմազանովը. Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ընդդիմությունը ձևական ակցիաներ է իրականացնում։
«Դա իրենց իրավունքն է, բայց ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր ընդդիմությունը վեր կանգնի այդ ձևական ակցիաներից։ Նիստերին մասնակցելով կամ չմասնակցելով չի որոշվում՝ դու ընդդիմություն ես, թե ոչ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում «Ելք» խմբակցության բոյկոտին։
ԱԺ փոխնախագահը նշեց, թե կարծում է, որ «Ելք»-ը դեռևս ընտրական գործընթացների, ընտրական հնարքերի ազդեցության տակ է։
«Ես եթե լինեի ընդդիմություն, այդպես չէի անի։ Ես չեմ կարծում, որ նման ակցիաներով է որոշվում՝ դու ընդդիմություն ես, թե ոչ։ Եթե այդպես է, կարող են ընդհանրապես նիստերին չգալ, քանի որ նիստը վարելու է Շարմազանովը, որը Հանրապետական կուսակցության ամենահանրապետական դեմքերից մեկն է», - ընդգծեց Է. Շարմազանովը։
«Ելք» խմբակցությունը բոյկոտել էր ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում ներկա գտնվել դահլիճում, սպասում են ՀՀ նախագահի ելույթի ավարտին։
Նշենք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո «Ելք» դաշինքը ներկայացավ ԱԺ դահլիճ: