19/05/2017 14:54
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանները 2 փուլով դիմում են Սահմանադրական դատարան
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների փաստաբանները 2 փուլով դիմում են Սահմանադրական դատարան: Նրանք այնուհետև իրավունքների պաշտպանության համար պայքարը կշարունակեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը, որը ներկայացնում է տուժածների իրավահաջորդների՝ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի ու Անդրանիկ Պողոսյանի շահերը, մայիսի 17-ին արդեն իսկ առաջին դիմումն է ներկայացրել Սահմանադրական դատարան:
Ամեն ինչ սկսվել էր հենց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից, որը մերժել էր Ռուսաստանից 450 հազար եվրո բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցն ընդունել վարույթ, և մենք այդ որոշումը բողոքարկել էինք Վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ դատարանը, սակայն, պաշտպանների բողոքը թողել էր առանց քննության՝ պատճառաբանելով, որ Քրեական դատավարության օրենսգրքով այդ որոշումը բողոքարկելու հնարավորություն կողմին ընձեռված չէ: Դատական բոլոր ատյանները սպառելու համար նրանք դիմել էին նաև Վճռաբեկ դատարան, սակայն այստեղ ևս առանց քննության էին թողել դիմումը:
«Հիմա դիմել ենք Սահմանադրական դատարան այն հիմքով, որ անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, իր պաշտպանության հնարավորությունից, քանի որ դատարանների որոշումը թույլ չի տալիս անձին բողոքարկել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամազդ Կիվիրյանը:
Սահմանադրական դատարանը, նրա խոսքով, պետք է դիրքորոշում հայտնի, թե ի վերջո անձը զրկվա՞ծ է բողոքարկման հնարավորությունից, թե այնուամենայնիվ, այդ որոշումը ենթակա է բողոքարկման:
Մեր հարցին, թե ի՞նչ կարող է փոխել Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, Կիվիրյանը պատասխանեց. «Այդ մասով Սահմանադրական դատարանի դիրքորոշումից հետո իրավունքի զարգացում տեղի կունենա: Բացի այդ, կարող է հիմք հանդիսանա, որպեսզի վերանայման վարույթ հարուցվի»:
Եթե Սահմանադրական դատարանը վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնի, ապա ըստ փաստաբանի, հայցը քննության առարկա կարող է դառնալ:
Բայց այսքանով Սահմաանդրական դատարանը դիմելը չի ավարտվում. փաստաբանական խումբը մտադիր է նաև երկրորդ փուլով դիմում ներկայացնել դատարան:
«Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը և այդ մասով մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան, որովհետև ժամանակին նույն Սահմանադրական դատարանը ճանաչել էր բարոյական վնասի փոխհատուցումը, բայց Քաղաքացիական օրենսգրքի տեսանկյունից», - նկատեց Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ այս մասով դիմումը ՍԴ կներկայացվի առաջիկայում:
Այս քայլերից հետո նրանք մտադիր են հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ, Արամազդ Կիվիրյանի խոսքով, Ավետիսյանների ընտանիքի տարբեր իրավունքների խախտումներ են կատարվել:
«Այս պահի դրությամբ քննարկում ենք ՄԻԵԴ դիմելու հարցը: Քննարկվում են նաև այլ գործողություններ, ընդհուպ մինչև առանձին հայց ներկայացնելու հանգամանքը: Քննարկումները կվերջացնենք և հետո միայն հայտարարություն կարվի», - նշեց Արամազդ Կիվիրյանը: