19/05/2017 12:39
Էրդողանի անվտանգության աշխատողների կողմից հարձակման դեպքն առաջինը չէ. Թուրքագետ
Երեկ՝ մայիսի 18-ին, ԱՄՆ սենատոր Ջոն ՄքՔեյնն անդրադարձել էր Վաշինգտոնում օրերս հայ, քուրդ և եզդի ցուցարարների վրա Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ էրդողանամետ խմբի հարձակմանը՝ ասելով, որ այդ ծեծկռտուքից հետո անհրաժեշտ է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին հեռացնել երկրից, հայտնում է «theguardian»-ը:
Aysor.am-ի թղթակիցը զրուցել է թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ՝ հասկանալու համար, թե հնարավո՞ր է արդյոք այդ հայտարարության իրագործումը, ինչին վերջինս արձագանքեց, որ հավանական չի համարում դա, սակայն ընդգծեց, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 50 անդամ այդ դեպքի մասով արտահայտել է իր զայրույթը:
Նա նաև նշեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատողների կողմից հարձակման այս դեպքն առաջինը չէ:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ այցի բուն նպատակին, այն է՝ պայմանավորվածություն ձեռք բերել քրդերի մասով, նա նշեց, որ այն ձախողվել է, քանի որ հանդիպումը տևել է ընդամենը 20 րոպե, որից մեծ մասը ծախսվել է Էրդողանի համար թարգմանիչ փնտրելով, ինչից հետո միայն 8 րոպեն են զրուցել, սակայն Թուրքիայի նախագահն ինքն է Անկարայում հայտարարել, որ Թրամփի հետ քրդերի մասով բանակցություններում տեղաշարժ չի եղել: