19/05/2017 12:14
Պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը և Խաչիկ Մանուկյանը հրաժարականի դիմում են ներկայացրել
ԱԺ պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը և Խաչիկ Մանուկյանը Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն հրաժարականի դիմում են ներկայացրել, այս մասին ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:
«Կանոնակարգի համաձայն, եթե հրաժարականի դիմումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով հետ չեն վերցնում հրաժարականի մասին դիմումը, կազմվում է արձանագրություն և հրաժարականը համարվում է ընդունված», - ասաց Արա Բաբլոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախօրեին խմբակցություններում գումարվել են նիստեր և ընտրվել խմբակցության ղեկավարներն ու քարտուղարները:
«ՀՀԿ խբակցությունը երեկ գումարված նիստում խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, իսկ քարտուղար` Գագիկ Մելիքյանին: «Ելք»-ը խմբակցության ղեկավար է ընտրել Նիկոլ Փաշինյանին, իսկ քարտուղար` Գևորգ Գորգիսյանին: «Ծառուկյան» խմբակցությունը ղեկավար է ընտրել Գագիկ Ծառուկյանին, իսկ քարտուղար` Վահե Էնֆիաջյանին: ՀՅԴ-ն խմբակցության ղեկավար է ընտրել Արմեն Ռուստամյանին, իսկ քարտուղար` Աղվան Վարդանյանին», - ասաց ԱԺ նախագահը: