20/05/2017 16:14
ՀՀԿ-ականներից միայն Գագիկ Մինասյանն է «ԵԼՔ»-ի սրտով
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական 9 հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության քննարկման ժամանակ հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվարկելու «Ծառուկյան» խմբակցության թեկնածուներին:
«Չնայած «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ պաշտպանում են ԱԺ-ում մեր նախագծին, բայց «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավոր, արդյունքում, կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի առաջարկած տարբերակին», - նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ի թեկնածուներից կողմ է լինելու Գագիկ Մինասյանին:
«Ընդհանուր առմամբ, դեմ ենք քվեարկելու ՀՀԿ առաջադրած թեկնածուներին, բայց կողմ կքվեարկենք ՀՀԿ առաջադրած թեկնածուներից միայն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Գագիկ Մինասյանին՝ հաշվի առնելով նրա անձն ու կերպարը, նաև սրանով փորձելով ուղերձ հղել, որ մենք այստեղ եկել ենք օրենսդրական գործունեության բավականին լուրջ տրամադրվածությամբ և մեր գործունեությունը միտված և ուղղված է լինելու երկրում իրական, բովանդակային փոփոխությունների հասնելու գործին», - ընդգծեց Ն. Փաշինյանը։
Վեցերորդ գումարման Ազգային ժողովում կլինի թվով 9 հանձնաժողով։
Հանձնաժողովներն են՝
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողով
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով