20/05/2017 14:41
«Ժերեբյովկայով շահած» ԱԺ աշխատասենյակներն ու անսենյակ մնացած պատգամավորները. Լուսանկարներ
6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորների մեծ մասը դեռևս աշխատասենյակ չունի:
«Ելք» խմբակցությունը ժամանակավորապես զբաղեցնում է «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի սենյակները:
«Ելք»-ի պատգամավորներն այդքան էլ գոհ չեն սենյակներից (դրանք վերանորոգված չեն Aysor.am):
Նշենք, որ խմբակցությանը դեռևս սենյակ չի տրվել, մինչդեռ ենթադրվում է, որ նրանք կզբաղեցնեն ՀԱԿ պատգամավորների աշխատասենյակները:
Խմբակցության սենյակի դռան վրա դեռևս փակցված է ՀԱԿ-ի ցուցանակը:
Արդեն իսկ իր աշխատասենյակն ունի ՀՀ ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս զբաղեցնում է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակը:
Ինչ վերաբերում է ԱԺ մեկ այլ փոխնախագահ Միքայել Մելքումյանին, ապա վերջինս Aysor.am-ի թղթակցին ասաց, որ դեռևս աշխատասենյակ չունի, քանի որ նախապես 3-րդ փոխնախագահի համար սենյակ չի առանձնացվել:
ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն արդեն հասցրել է իր նոր աշխատասենյակ տեղափոխվել: Սամվել Ալեքսանյանը զբաղեցնում է Առաքել Մովսիսյանի աշխատասենյակը, որն ԱԺ ամենամեծ աշխատասենյակներից է: Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ է իր աշխատասենյակն ամենաընդարձակներից մեկը, Ալեքսանյանն ասաց. «Ժերեբյովկայով եմ շահել»:
ՕԵԿ խմբակցության սենյակները դեռևս զբաղված չեն: Հեղինե Բիշարյանի աշխատասենյակի դռան վրա փակցված է Հարություն Ղարագյոզյանի անունը, մինչդեռ վերջինս երեկ վայր դրեց պատգամավորի մանդատը:
Իսկ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի աշխատասենյակը զբաղեցնելու է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ևս դեռևս աշխատասենյակներ չեն հատկացրել: