20/05/2017 10:45
Զինված ուժերում կան որոշակի խնդիրներ ու դրանց կապակցությամբ պետք է տրվեն լուծումներ. Կորյուն Նահապետյան
Զինված ուժերում ծառայության գրավչության ապահովման խնդիրը մեզ համար գերակայություն է, Ազգային ժողովում այսօր հայտարարեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե տեղյակ են արդյոք, որ զինվորի առաջին անհրաժեշտության պարագաները ծնողներն են ապահովում։
«Այսօր ՀՀ պետական բյուջեով նախատեսված են միջոցներ Զինված ուժերում ծառայության կազմակերպման ու իրականացման համար, այդ թվում՝ նաև մեր զինծառայողների բնականոն ծառայության ապահովման համար անհրաժեշտ պայմաններ, միջոցներ նույնպես նախատեսված են», - նշեց Նա։
Կորյուն Նահապետյանը ընդգծեց՝ իհարկե՛, հնչել են որոշակի մտահոգություններ ու այդ մտահոգությունների հետ կապված քննարկումներ եղել են։
«ՀՀ պաշտպանության նախարարը պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ տվել է համապատասխան պարզաբանումներ, հիմնականում այդ պարզաբանումները բավարարել են, բայց այն, որ կան որոշակի խնդիրներ ու դրանց կապակցությամբ պետք է տրվեն լուծումներ, դրանում որևէ կասկած չկա», - ասաց նա։
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետևողակակն է լինելու, որ Զինված ուժերի բնագավառում ունենանք առավել բարենպաստ իրավիճակ։
«Յուրաքանչյուր ծնող ցանկություն ունի իր զավակի համար, ով ծառայում է բանակում, առավել լավ պայմաններ ստեղծել, այնպես չէ, որ այսօր պետությունը այդ բավարար երաշխիքները չի ապահովում, իհարկե, շատ ավելի ցանկալի կլինի, որպեսզի մենք որակական փոփոխություններ կատարենք», - նշեց Կ. Նահապետյանը։