22/05/2017 15:10
Դուտերտե. ԱՄՆ-ն դուրս է գալիս իր լիազորությունների սահմանից
ԱՄՆ-ն դուրս է գալիս իր լիազորություններից սահմանից՝ միջամտելով այլ պետությունների գործերին։ Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, փոխանցում է РИА Новости-ն:
«Այլ պետությունների նկատմամբ մարդու իրավունքների հարցում, ես կարծում եմ, որ Ամերիկան դուրս է եկել իր բնական լիազորությունների սահմանից», - Ռուսաստան այցի նախաշեմին ռուսական լրատվամիջոցներին ասել է Դուտերտեն։
Ֆիլիպինների առաջնորդի խոսքով՝ դա նոր աշխարհ է, որ նախկինում չէր առնչվում այլ պետությունների ինքնիշխանության հետ։
«Սակայն 60-ականների վերջից ԱՄՆ-ն սկսեց պետություններին աջակցություն ցուցաբերել՝ դրա հետ մեկտեղ միջամտելով նրանց գործերին։ Բանը հասավ նրան, որ ԱՄՆ-ն այս կամ այն երկրին օգնություն էր առաջարկում՝ նույնասեռական ամուսնութունների օրենք սահմանելու կամ մեկ այլ բանի փոխարեն։ Խոսքն այստեղ միայն մարդու իրավունքների մասին չէ, այլ ծիծաղելի կենսակերպի առաջխաղացման մասին։ Եվ ես ասացի, որ դա չափազանց է։ Ես ասացի, որ եթե դուք ցանկանում եք իմ դեմ հետաքննություն վարել, ես պատրաստ եմ։ Վերջիվերջո, ո՞վ կցանկանա սպանել իր երկրի քաղաքացիներին», - հայտարարել է Դուտերտեն։