23/05/2017 14:27
Արտաշատի քաղաքապետի ընտրությունը՝ նոյեմբերին. թեկնածուի հարցում ՀՀԿ-ն դեռ որոշում չունի
Արտաշատում դեռ որոշում չեն կայացրել, թե ում թեկնածությունն են առաջադրում քաղաքապետի պաշտոնում։
Փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն Aysor.am-ի հետ զրույցում հերքեց լուրերն այն մասին, թե ինքն է առաջադրվելու Արտաշատի քաղաքապետի պաշտոնում։
«Ոչ մի բան պարզ չէ, ոչ մի թեկնածու դեռ չի առաջադրվել, ընտրության օրն էլ դեռ որոշված չէ, ինչի՞ մասին է խոսքը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գ. Պողոսյանը։
Դիտարկմանը՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ինքն է ամենահավանական թեկնածուն ու իր թեկնածությունն առաջադրելու է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արտաշատի փոխքաղաքապետը պատասխանեց. «Նման քննարկում չի եղել, ընդհանրապես այս հարցով ոչ մի քննարկում չի եղել»։
Թեկնածու կառաջադրի արդյոք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Արտաշատի քաղաքապետի ընտրությունում, դեռ որոշում չի կայացվել։
«Այդ հարցը չենք քննարկել, Գործադիր մարմնի նսիտում նման հարց չի քննարկվել, միգուցե, մարզային ու տարածքային կառույցներում է քննարկում գնում, բայց ԳՄ-ն այդ հարցը չի քննարկել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ իրենց կուսակցությունը նման հարցերը թողնում է տարածքային, շրջանային ու մարզային կառույցի որոշումներին։
«Բայց առայժմ որևէ որոշում այդ հարցի շուրջ չի եղել», - հավելեց Է. Շարմազանովը։
Նշենք, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մայիսի 16-ից, երբ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը հայտարարեց, որ վայր է դնում լիազորություններն ու ստանձնում է պատգամավորական մանդատը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը սահմանել է հունիս, նոյեմբեր ամիսներին։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ, ամենայն հավանակությամբ, Արտաշատի քաղաքապետի ընտրությունը կնշանակվի նոյեմբեր ամսին։
«Ընտրությունը նշանակելու ժամանակ պետք է հաշվի առնեն ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր ժամկետները՝ հանձնաժողովի ձևավորում, տեղամասային կենտրոնների ձևավորում, առաջադրում, քարոզարշավ և այլն։ Այդ ամենի հաշվառմամբ՝ ընտրության օրը նշանակելիս հաշվի է առնվում, որպեսզի այն նշանակվի այնպիսի օր, որ հնարավոր լինի բոլոր գործառույթները ժամկետներում իրականացնել», - ասաց նա։
ԿԸՀ նախագահը հավելեց, որ քիչ հավանական է համարում Արտաշատի ընտրություններն անցկացնել հունիս ամսին, որովհետև արդեն ժամկետներ կան, որոնք սպառվել են։
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ Արտաշատի քաղաքապետի ընտրությունները կկայանան նոյեմբերին, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Դա է սահմանված հաջորդ օրը»։