23/05/2017 14:31
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թերեզա Մեյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեստեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որն ավելի քան երկու տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան ու բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Կորստի այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Հայաստանը խստորեն դատապարտում է նման անմարդկային գործողությունները և վճռական է համատեղ ուժերով շարունակելու պայքարը բռնության և ահաբեկչության դեմ», - ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: