
28/05/2017 20:30
ԱՄՆ-ից և Շվեյցարիայից ժամանած գիտնականների մասնակցությամբ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում երիտասարդական գիտնականների դպրոց անցկացվեց
Մայիսի 22-ից 26-ը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում անցկացվեց «Տեր-մանրէ փոխազդեցությունների մոլեկուլային և բջջային հիմունքներ-2017» խորագրով երիտասարդ գիտնականների ավանդական դարձած վեցերորդ դպրոցը:
Այս անգամ իրենց դասախոսություններով և տվյալ ոլորտին վերաբերող նորագույն հոդվածների քննարկումներով հանդես եկան պրոֆ. Բանա Ջաբրին (Չիկագոյի համալսարան, ԱՄՆ), պրոֆ. Դիանա Բարբերը (Կալիֆորնիայի համալսարան, ԱՄՆ), պրոֆ. Ալեքս Հաջնալը (Ցյուրիխի համալսարան, Շվեյցարիա) և դոկտոր Հայկ Էսկանդարյանը (Դաշնային ճարտարագիտական դպրոց, Շվեյցարիա):
Վեցերորդ դպրոցին մասնակցեցին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիայի ինստիտուտի և այլ հաստատությունների ուսանողներ կամ աշխատակիցներ:
Հնգօրյա դպրոցի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն տեղեկանալ ոլորտի վերջին նվաճումներին, այլև անմիջականորեն քննարկել դպրոցին իրենց մասնակցության հիմնական շարժառիթը և հետագա դպրոցի ընթացքում առավել ցանկալի թեմաների շրջանակը:
Դպրոցի ամենակրտսեր մասնակիցը՝ Ավշարի ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Մարգարյանը, ով արդեն երկրորդ անգամ էր մասնակցում ինստիտուտում անցկացվող միջոցառումներին, հնարավորություն ստացավ ամառային արձակուրդների ընթացքում անցնել վերապատրաստում և անձամբ ներգրավված լինելու ինստիտուտում տարվող գիտահետազոտական աշխատանքներին:
Երիտասարդ գիտնականների դպրոցն, արդեն ավանդաբար, անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի հովանավորությամբ:
Հարկ է նշել, որ դպրոցն անց է կացվում պարբերաբար և նպատակ ունի նպաստել մոլեկուլային և բջջային կենսաբանության, մասնավորապես, մանրէբանության ոլորտում հայաստանյան և միջազգային գիտական կենտրոնների գիտնականների համագործակցության ակտիվացմանը և տեղի երիտասարդների գիտական հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը: