06/06/2017 18:00
Դերասանուհի Ալլա Սահակյանը հանրությանն է ներկայացել նոր բնագավառում
Դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանն օրերս հանրությանը պաշտոնապես ներկայացավ նոր մասնագիտական որակներով:
«Ծաղկազարդ». այսպես է կոչվում մանկական զգեստների այն հավաքածուն, որի միջոցով «Ինդիգո» զարգացման կենտրոնի սաները ներկայացրին դերասանուհու մտքի ու ձեռքի աշխատանքները: Նման ցուցադրության գաղափարն առաջացավ տարեսկզբին, երբ նա արդեն իսկ զբաղվում էր փոքրիկ դստրիկի զգեստապահարանի «ծաղկեցմամբ»:
«Մարիայի համար զգեստներ էի կարում, ու միտք առաջացավ՝ աղջիկ երեխաների համար հավաքածու պատրաստեմ: Անընդհատ հետաքրքրվում էի, ուսումնասիրում, թե ինչպես են պատրաստում ձեռքի ծաղիկները: Նաև ցանկանում էի այնպես անել, որ ծաղիկները բնական տեսք ունենան: Հիմնականում, բամբակյա և մետաքսյա կտորներից եմ օգտվել, համադրել եմ ատլասն ու ժանյակը՝ այդկերպ փորձելով բնական ծաղկային էֆեկտ ստանալ: Ճիշտ է, այս զգեստներն ամենօրյա չեն, բայց տոնական օրերի, հանդեսների համար հրաշալի տարբերակ են», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ա. Սահակյանը:
Փոքրիկ մոդելները, կարծես, հեքիաթային աշխարհում լինեին: Մոդելավորողն ամեն ինչ արել էր նրանց արքայադուստր ներկայացնելու համար: Ի դեպ, փոքրիկ մոդելների շարքերում էին նաև հայտնի ու սիրված արտիստների դստրիկները, այդ թվում, բնականաբար, Ալլա Սահակյանի և դաշնակահար, կոմպոզիտոր Գարրի Քյոսայանի դուստրը՝ Մարիան:
«Փորձել եմ ամեն երեխայի մի ծաղկի մեջ պատկերացնել ու ներկայացնել: Ուզում եմ՝ մեր հայ աղջիկներին առավել ուրախ ու ծաղկային, գունեղ ոճի մեջ տեսնել: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր իրենց երեխայից այն կողմ աշխարհը չեն պատկերացնում, ինձ համար բոլոր փոքրիկները գեղեցիկ են ու սիրելի: Ես և ամուսինս խստապահանջ ենք նաև Մարիայի հագուստի հարցում: Խուսափում ենք թուրքական արտադրանքից», - նշեց մեր զրուցակիցը:
Զգեստները կարելիս Ա. Սահակյանը հաշվի է առել նաև փոքրիկների կառուցվածքները: Նրա հավաքածուն տարբեր կառուցվածքներ ունեցող երեխաների համար է:
«Երեխաները դեռ լիովին կազմավորված չեն, կարող են մի քիչ ավելի նիհարիկ լինել, կամ՝ մի փոքր փորիկ ունենալ: Այդ ամենը հաշվի եմ առել ու այնպես արել, որ նրանք սլացիկ լինեն իմ կարած հագուստներում ու չկաշկանդվեն: Աղջիկը, ցանկացած տարիքում, պետք է ինքնաբավ լինի», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Հայաստանում այսօր մոդելավորման կենտրոնների պակաս չկա: Կարուձևի հմտություններին, մոդելավորմանը դերասանուհի-երգչուհին վաղուց է տիրապետում: Դպրոցական տարիներին զբաղվել է նաև գորգագործությամբ, հելունագործությամբ ու ասեղնագործությամբ, մոդելավորել է բազմաթիվ բեմական հագուստներ: Հարցին՝ չի առաջնորդվում արդյոք բիզնես մտածողությամբ և չի ուզում հիմնել սեփական մոդելավորման տունը՝ ժպիտով պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա:
«Զուտ ստեղծագործական մասով եմ մտածել: Բայց, ինչ խոսք, հաճելի է, ու նման միտում էլ կա՝ մեր ծնողները փոքրիկների զգեստները մասնագետների մոտ են կարում: Չէ՞ որ դրանք չկրկնվող են լինում, մեկտեղ՝ խթանում հայկական արտադրությանը>,- ընդգծեց նա:
Հավաքածուն պատրաստելու ամբողջ ընթացքում Ալլա Սահակյանի կողքին են եղել ու աջակցել ամուսինը, մայրն ու լուսանկարչուհի Խանդութ Պարույրյանը, ում հետ ֆոտոսեսիաների միջոցով յուրաքանչյուր զգեստի «ծնունդը» տոնակատարության են վերածում: Ի դեպ, առաջիկայում դերասանուհի-մոդելավորղն ու լուսանկարչուհին միասնական հետաքրքիր ծրագրեր ունեն:
Առիթն օգտագործելով՝ հետաքրքրվեցինք՝ ի վերջո, ո՞րն է Ալլա Սահակյանի մասնագիտական առաքելությունը՝ դերասանուհի՞, երգչուհի՞, թե՞ մոդալավորող:
Բոլորն էլ իմն են, չեմ կարող առանձնացնել: Դիզայներությունն իմ հոբին է, որը միշտ ինձ հետ է եղել, անհրաժեշտության դեպքում էլ միշտ օգտագործել եմ: Ես սիրում եմ իմ ցանկացած գործին պրոֆեսիոնալ մոտենալ՝ ամեն ինչ մանրակրկտորեն ուսումնասիրելով», - նկատեց:
Aysor.am-ի հետ զրույցի ավարտին, անդրադառնալով էկրանային գործունեությանը՝ վստահեցրեց՝ սերիալներում իրեն այլևս չենք հանդիպի, իսկ հետաքրքիր նախագծերում հանդես գալու առաջարկներից չի հրաժարվի: