06/06/2017 10:45
Երկար ընդմիջումից հետո կշարունակվի զինված խմբի գործով դատավարությունը
Նորք Մարաշ վարչական շրջանի առանձնատներից մեկում Ազգային անվտանգության ծառայության կողմից դեռևս 2015-ին վնասազերծված զինված խմբի դատավարությունը երկար ընդմիջումից հետո կշարունակվի հունիսի 9-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Այս գործով, հիշեցնենք, մեղադրյալները 20-նն են, որոնց թվում կան նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ։
Պաշտպանության նախկին փոխնախարար, գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանը նիստը վարող դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ, պետք է դատաբժշկական փորձաքննության ենթարկվեր, ինչի պատճառով էլ մարտ ամսից դատական նիստերը դադարեցվել էին:
Զինված խմբի առաջնորդը եղել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանը, որին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար,որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր:
Նրա նպատակը, ըստ մեղադրանքից, եղել է Հայաստանում յուրացնել իշխանությունը, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Մեղադրյալներ են՝ հոգևորական Անտոն Դիկրան Թոթոնջյանը, քաղաքական գործիչներ Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը և Նելլի Մինասյանը: