12/06/2017 10:53
Այլ ձև չկա. Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին. Դավիթ Շահնազարյան
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ վաղ թե ուշ Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին:
«Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին», - հանգստյան օրերին Ծաղկաձորում տեղի ունեցած «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարեց Շահնազարյանը՝ պատասխանելով հարցին, թե երբևէ Հայաստանը կանդամակցի՞ ՆԱՏՕ-ին:
Մյուս հարցին, թե ե՞րբ դա տեղի կունենա, Շահնազարյանը պատասխանեց. «Ճիշտ պահին»:
Իսկ ի՞նչն է հիմք տալիս վերլուծաբանին պնդել, որ երբևէ Հայաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին հարցին, Շահնազարյանը պատասխանեց կարճ. «Պատմականորեն այլ ձև չկա»: Հայաստանի մասով այլ հարցերի Շահնազարյանը չպատասխանեց: Նկատենք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է:
Փոխարենը, ըստ նրա, Վրաստանը վաղուց պատրաստ է ՆԱՏՕ-ի անդամակցությանը: «ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ են ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սկզբունքներ: Վրաստանը նույնիսկ շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան ՝ եվրոպական շատ երկրներ: ՆԱՏՕ-ն անվտանգություն է և ոչ միայն անդամների կարծիքով, այլև այն պետությունների, որոնք ձգտում են այնտեղ», - ասաց Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքային խնդիրներին, ապա դա ՆԱՏՕ-ի համար գլխացավանք է, իսկ ՆԱՏՕ-ում գլխացավանք չեն ուզում:
«Եվրոպացիք չեն սիրում գլխացավանք: Բայց այսօր Վրաստանը հատուկ կարգավիճակ ունի և համարվում է, այսպես կոչված, ասպիրանտ ՆԱՏՕ-ում: Դա ինչ-որ չափով անվտանգության նոր տարր է: Զարգացման այլ ճանապարհ չկա, գոյություն չունի», - հավելեց Շահնազարյանը: