12/06/2017 11:20
Հայաստանում ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի ծրագիրը հաստատման փուլում է. Մհեր Իսրայելյան
ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ոլորտում իրականացվելիք «Վստահության հիմնադրամ» ծրագիրը հաստատման փուլում է, «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը:
«Ծրագիրը ենթադրում է գործածության համար ոչ պիտանի զրահապատ մեքենաների ոչնչացում: Դրա շրջանակում շուրջ 130 զրահապատ մեքենա կոչնչացվի: Ծրագրի մեկ այլ բաղադրիչն էլ լինելու է ականզերծման ոլորտում կրթության խթանումը: Մենք կարևորում ենք այս ծրագիրը, քանի որ սա առաջին վստահության հիմնադրամն է Հայաստանի հետ: Ծրագիրը հաստատման փուլում է և օրերս կներկայացվի Հյուսիսատլանտյան դաշինքի հաստատմանը: Մեկ-երկու ամսվա մեջ ծրագիրը հաստատված կունենաք», - ասաց նա:
Մհեր Իսրայելյանը կարևորեց նաև ծրագրի քաղաքական ասպեկտը՝ նշելով, որ այն հնարավորություն է ստեղծում վերադառնալ սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի հանձնառությունների շրջանակ:
«Սա նաև քաղաքական երկխոսություն է ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ տարածաշրջանում անվանգության և սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի պարտավորությունների կատարման տեսանկյունից», - հավելեց նա: