13/06/2017 11:39
Էստոնիայի նախագահության ընթացքում Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը
Կարևոր է, որ Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը պաշտոնական այցով Հայաստանում է Էստոնիայի՝ Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնելու նախաշեմին, այսօր Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը.
«Էստոնիան խորհրդի նախագահությունը ստանձնելու է հուլիսի 1-ից։ Այդ ընթացքում Հայաստանը նախատեսում է Եվրամիության հետ ստորագրել շրջանակային փաստաթուղթը», - ասաց Է. Նալբանդյանը։
Նա ընդգծեց՝ Էստոնիայի հետ հարաբերություններում կա բավականին չօգտագործված ներուժ։
«Օրինակ՝ մեր առևտրական շրջանառությունն անցած տարի կազմել է 10 մլն։ Դա շատ ցածր թիվ է, սակայն կարծում եմ՝ մեր ներուժը շատ ավելի մեծ է», - ասաց Է. Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ այն կօգտագործվի։
Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ընդունելության համար։ Նա ևս ընդգծեց՝ Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցությունում կա չօգտագործված ներուժ։
«Այն ես տեսնում եմ հատկապես տնտեսական ոլորտում», - ասաց Ս. Միկսերը։
Անդրադառնալով Էստոնիայի՝ ԵՄ խորհրդի նախագահությանը, նա նշեց՝ «Էստոնիան ունի նախագահության բավականին հավակնոտ ծրագիր»։
Նշենք, որ Էստոնիայի արտգործնախարարն այսօր կհանդիպի ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի հետ։