
19/06/2017 13:36
Մագիստրատուրայում սովորող գրեթե բոլոր ուսանողները աշխատանք ունեն, բայց մեծ պահանջ կա նաև միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների. ՀՊՏՀ պրոռեկտոր
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը վստահեցնում է՝ բուհի մագիստրատուրայում սովորող գրեթե բոլոր ուսանողները զբաղված են, աշխատանք ունեն։
Դա, ըստ նրա, իհարկե, լավ է, բայց մյուս կողմից էլ դժվարացնում է մագիստրատուրայի այսօրվա մոտեցումների կիրառումը՝ դասերի հաճախելը և այլն։
«Դրա համար մենք խնդիրներ ենք ունենում։ Մի կողմից լավ է, որ մեր ուսանողները զբաղված են, բայց մյուս կողմից էլ՝ խնդիր է», - ասաց նա:
Ինչ վերաբերում է բակալավրիատին, ապա այստեղ արդեն ավարտական քննություններից անմիջապես հետո հրավեր է լինում աշխատանքի։
Պրոռեկտորը դժվարացավ ասել, թե շրջանավարտների քանի տոկոսն է ապահովում աշխատանքով, բայց նշեց, թե շատ քչերն են, որ գործազուրկ են մնում.
«Տնտեսագետը գրեթե բոլոր ոլորտներում անհրաժեշտ է։ Օրինակ, աշխատանքի տեղավորվելու հարցում որևէ խնդիր չի ունենում հաշվապահը։ Պարբերաբար հայտարարություններ կան շուկայի զարգացման մարկետոլոգի համար»։
Այդուհանդերձ, պրոռեկտորը խորհուրդ չի տալիս համալսարանն ավարտելուց անմիջապես հետո գնալ և բարձր պաշտոններ զբաղեցնել. «Պետք է սկսել պարզից, աճել ու զարգանալ։ Թե չէ միանգամից՝ առանց փորձի, նույնիսկ բարձր գիտելիքներով, չի լինում, պետք է պրակտիկա լինի»։
Գագիկ Վարդանյանն ասում է, թե բնագիտական մասնագիտություններն այսօր այն վարկանիշը չունեն, ինչպես եղել են ժամանակին միջուկային ֆիզիկան, ռադիոֆիզիկան, մինչդեռ այսօր էլի այդ գիտությունների դարաշրջանն է։
Դրանք, ըստ նրա, պատվաբեր մասնագիտութուններ են, ուղղակի ինչ-որ շրջանում պետք է լինեն ռեսուրսներ, որպեսզի այդ մասնագիտությունն ունեցող երիտասարդներին մի տեղ հավաքեն և նրանց հավաքական միտքն իրեն սպասեցնել չի տա և կլինեն հայտնագործություններ։
Դիտարկմանը, թե կրթության ոլորտի մասնագետները պնդում են, որ ավելի շատ խնդիր կա միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների, Գագիկ Վարդանյանն ասաց, թե դա բավական ճիշտ նկատառում է։
«Շատ կարևոր է միջին մասնագիտական կրթությունը։ Ցանկացած արտադրությունում շատ կարևոր դերակատարություն ունեն միջին մակարդակի մենեջերները, իսկ դա տալիս է միջնակարգ մասնագիտական կրթությունը։ Համակարգն այժմ հարմարեցված չէ նոր պայմաններին, և մենք միանգամից ունենում ենք բարձրագույն կրթություն, և ներքևներում որակյալ բանվոր չենք ունենում։ Շատ դժվար է գտնել արտադրամասի տեղամասի ղեկավար, որը տեխնիկական գիտելիքներով պետք է ղեկավարի տվյալ կառույցը։ Իսկ բարձրագույն կրթությամբ մեկը կարող է մտածի, թե իր համար հարմար չէ, որ ավելի ցածր մակարդակ զբաղեցնի», - ասաց նա: