21/06/2017 10:19
Մեր իրականությունը դեռ երկար է լինելու այսպիսին, բայց մեր երկիրը շեն ու բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է. Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարությունը վերջին ինն ամսիների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում է Հայաստանի ներկան, Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Մենք գիտենք՝ ինչ խնդիրներ ու հնարավորություններ ունենք, ունենք նաև ապագայի հստակ տեսլական, գիտենք՝ ինչ է պետք փոխել ու ինչպես, սկսել ենք դա իրագործել», - նշեց նա։
Վարչապետն ընդգծեց, որ յուրաքանաչյուր ոլորտում իրենք բարձրաձայնում են խնդիրները, հստակ շարադրում են լուծումները ու ներկայացնում առարկայական բարեփոխումների ծրագիր։
«Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, մեր սահմանների մոտ 83 տոկոսոը փակ է ու միայն 17 տոկոսն է բաց, մեր տարածաշրջանում կան հակասող շահերով բազմաթիվ ուժեղ խաղացողներ, կախվածություն ունենք միջազգային ֆինանսական շուկաներից, մեր իրականությունը դեռ երկար է լինելու այսպիսին, ունենք նաև ներքին խնդիրներ, որոնց բոլորս քաջատեղյակ ենք», - նշեց Կ. Կարապետյանը։
Նա շեշտեց՝ այս ամենը թվարկում է ոչ թե բոլորիս հուսալքելու, այլ՝ միայն հավաստիացնելու, որ իրենք հստակ պատկերացնում են իրականությունը։
Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ կառավարության 2017 թվականի ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է։
«Ուզում եմ ռեալիստ լինենք ու հստակ պատկերացնենք, որ հեշտ ճանապարհ չի լինելու, մեր երկիրը շեն ու բարեկեցիկ դարձնելու բանալին մեր ձեռքում է, մենք կհաջողենք, եթե զարգանանք, կրթվենք ու անմնացորդ նվիրվենք մեր գործին», - հավելեց վարչապետը։