22/06/2017 15:34
Մագելանի քարանձավում պեղումներ չեն արվել, սակայն հայտնաբերվել է ռազմական դիտակետի մասին վկայող աղեղի մնացորդ
Մագելանի քարանձը գտնվում է Վայոց ձորի մարզի Ուփի ձորում: Այն իր անվանումը ստացել է տեղի գյուղացի, որսորդ Մագելան Առաքելյանի անունով, ով 1980-ական թվականներին ցույց է տվել քարանձավի գտնվելու վայրը: Քանի որ գյուղում Մագելանին կոչել են նաև Մագել, քարանձավը սխալմամբ անվանում են նաև Մագիլ, որը ճիշտ չէ, այդ մասին Aysor.am թղթակցի հետ զրույցում պատմեց քարանձավագետ, ԵՊՀ դասախոս Սմբատ Դավթյան:
«Մագելանի քարանձավը բնական գոյացություն է, որ ձևավորվել է Վերին Միոցենի և Ստորին Պլեոցենի ժամանակ, բայց դրանից հետո ինքն անընդհատ փոփոխությունների է ենթարկվել: Մեր հայտնաբերած գտածոների համաձայն՝ մարդիկ բնակություն են այստեղ հաստատել Բրոնզե դարից սկսած, սակայն, հնարավոր է ավելի վաղ լինի, բայց այդ ենթադրությունը պետք է հաստատեն պեղումները, որոնք դեռևս չեն արվել. մակերևութային շերտում եղած գտածոներն են վկայում Բրոնզե դարի մասին», - նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այդտեղ հայտնաբերվել է աղեղի մնացորդ, որը հիմա պահվում է Պատմության թանգարանում, և վկայում է այն մասին, որ քարանձավի այդ հատվածում եղել է ռազմական դիտակետ, որը, ըստ Մագելան Առաքելյանի պատմածի, կապվել է կամրջով, սակայն ժամանակի ընթացքում այդ կամուրջը վերացել է, բայց այդ փաստը հաստատող դիտակետը այլ մասերին միացնող 16 մետրանոց անդունդ կա:
Նշենք, որ ամիսներ առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է զբոսաշրջության նպատակով Հայաստանի 4 քարանաձավի՝ Մագելանի, Թռչունների, Արջի, Մոզրովի և Քարե դռներ քարանձավախմբի 5-ական տարով վարձակալության տալու մրցույթ:
Այդ մասով քարանձավագետը նշեց, որ մրցույթի գաղափարը ճիշտ է, քանի որ հանձնաժողովում ընդգրկված են գիտակ մարդիկ, որոնք թույլ չեն տա փորել հողի մշակութային շերտ համարվող հատվածները:
«Մշակույթի նախարարությունը ճիշտ մոտեցում է որդեգրել՝ պայմաններ դնելով, որպեսզի ամեն մարդ չմտնի այնտեղ: Եթե զբոսաշրիկների համար նախատեսված արահետը մշակութային շերտի վրայով է, այնտեղ հողային աշխատանքը բացառվում է, ուղղակի պետք է այդ շերտից էլ մի քանի սանիմետր բարձրության վրայով, որպեսզի կոնտակտ չլինի, պլատֆորմա դրվի, որպեսզի հետագայում պեղումներ հնարավոր լինի անել այդտեղ», - բացատրեց քարանձավագետը:
Հարցին՝ գտե՞լ են այնտեղ մարդկանց ոսկորներ կամ ժայռապատկերներ, նա նշեց, որ ոչ, սակայն, 100 տոկոսով բացառել դրանց գոյությունը նույնպես չի կարելի, քանի որ քարանձավներն իրենց մեջ բազմաթիվ անակնկալներ են պարունակում, իսկ իրենք միայն 1720 մետր երկարությամբ խոռոչներ ու միջացնքներ են ուսումնասիրել:
«Կարող է պատահի այնպես, որ ասենք 5 մետրանոց ճեղքը վերջում դառնա 500 կմ քարանձավ», - եզրափակեց նա: