24/06/2017 14:57
Երեք իր, որ ԿԳ նախարարը վերցնում է իր հետ ճամփորդելիս
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին լիարժեք հանգստի համար բավարարում է 2 շաբաթը: Ամառային հանգստի նախընտրելի տարբերակների մասին Aysor.am-ն այս անգամ զրուցել է Լևոն Մկրտչյանի հետ:
- 3 բան, որ պետք է հասցնել անել ամռան ընթացքում:
- Լավ հանգստանալ, զբաղվել այն գործով, որը օրվա տեմպը հնարավորություն չի տալիս անել, և ուշադրություն դարձնել մերձավորներին:
- 3 իր, որ վերցնում եք հանգստի գնալիս:
- Անպայման վերցնում եմ լողազգեստ, երաժշտություն լսելու սարք, որ հանգիստը լիարժեք լինի և վարորդական վկայական:
- Ի՞նչ երաժշտություն եք լսում:
- Իմ աղջիկն ինձ ասում է՝ շատ հին ես (ծիծաղում է՝ հեղ.), մնացել եմ 70-90-ական թվականների երաժշտության շրջագծում, հիմնականում ռոք, ջազ, կլասիկ ժանրի:
- Սո՞ւրճ Փարիզում, թե՞ թեյ Անգլիայում:
- Սուրճ Փարիզում:
- Շարունակեք միտքը՝ եթե հանգիստ, ապա…
- Ապա ծովափնյա շրջանում:
- Սիրում եմ ամառը, որովհետև…
- Որովհետև տաք է, հաճելի է և հնարավորություն է տալիս հանգստանալու:
- «Մոխիտո՞», թե՞ «Արյունոտ Մերի»:
- «Մոխիտո», հաստատ:
- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:
- Իհարկե Արցախ, բայց Արցախ Եվրոպայով:
- Ձեր երազանքների երկիրը:
- Հայաստանը:
- Գիրք, որը պետք է կարդաք այս ամառ:
- Հաճույքով կվերընթերցեի «Եկլեզիաստ»-ը (Հին Կտակարան, «Ժողովողի գիրք», մտորումներ է պարունակում կյանքի ամենախոր հիմնախնդիրներից մի քանիսի շուրջ՝ հեղ.):
- Իդեալական հանգստի համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ:
- Ինձ միշտ բավարար է եղել 2 շաբաթը: Դրանից հետո Երևանը կարոտում եմ:
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է. «Եթե սիրում ես աշխատանքդ, ապա արձակուրդ գնալու կարիք չունես», համաձա՞յն եք մտքի հետ:
- Համաձայն չեմ, որովհետև ցանկացած սիրված աշխատանքից երբեմն անջատվել է պետք: Հանգիստն օգնում է մի փոքր շեղվել: