27/06/2017 15:06
Խանդոյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 5 ամիս ազատազրկման։
Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը։ «Դատավարությունն իրականացվել է մի շարք խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումներով», - հայտարարեց Ղարագյոզյանը։
Հիշեցնենք՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գնդից դուրս, Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձություններից հետո կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանը մեղադրվում է մասսայական անկարգություններ կազմակերպելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Այս գործով տուժող էին 46 ոստիկան, որոնց, ինչպես Խանդոյանն էր դատարանում հայտարարել, չի ճանաչում: Նա դատարանում հայտարարել էր, որ այդ օրերին հենց ոստիկաններն են իր ու այլ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրել՝ բռնի ուժով նրանց տեղափոխելով ոստիկանության բաժիններ:
Նախորդ դատական նիստին Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդել էր արդարացնել իր պաշտպանյալին, իսկ դատախազը պահանջել էր դատապարտել 4 տարվա ազատազրկման։