27/06/2017 19:09
Ժամանակը ցույց տվեց՝ ով է արհեստականորեն ստեղծված ուժ, ով՝ չէ. Ալեն Սիմոնյանը՝ «Երկիր ծիրանիի» պառակտման մասին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն իր աշխատանքը երբեք չի պայմանավորել «Երկիր ծիրանի» խմբակցության հետ, հետևաբար՝ այդ խմբակցության պառակտումը որևէ կերպ չի ազդելու «Ելք»-ի աշխատանքների արդյունավետության վրա, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը։
«Մեզ համար մեկ է իրենց մասնակցությունը կամ աշխատանքը ավագանու նիստերին։ Մենք խմբակցությունում 14-ն ենք և աշխատելու ենք այդ թվով ու մեր դաշինքն ենք էլ ավելի ամրացնելու, ինչպես նաև զբաղվելու ենք Երևանում ռեալ փոփոխություններ բերելու գործով», - ասաց Ալեն Սիմոնյանը։
«Երկիր ծիրանի» խմբակցության լրատվական ծառայությունը, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե «Խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին` անվստահության հիմք ընդունելով վերջիններիս կողմից կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և սկզբունքները չպահպանելը»:
Հայկ Պետրոսյանը և Մնացական Պարակշիևն էլ, իրենց հերթին հայտարարել էին, որ դուրս են գալիս խմբակցությունից և շարունակելու են իրենց գործունեությունը որպես անկախ անդամներ։
«Անկախ նրանից, թե «Երկիր ծիրանին» կպառակտվի, կմիանա, թե ոչ, անկեղծ ասած, մեզ դա շատ քիչ է հետաքրքրում, պարզապես հանրությունը ևս մեկ անգամ կտարբերակի կայացած, ճանապարհ անցած, ոչ արհեստական ուժերին մնացած ուժերից», - Aysor.am-ին ասաց «Ելք»-ի անդամ Ալեն Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե արդյոք քաղաքացիների վստահության չարաշահում չէր «Երկիր ծիրանիի» պառակտման քայլը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.
«Ես գիտեի, որ այսպես է լինելու: Հիմա հասկանում ենք, որ սկզբից շատ մեծ ռիսկի էինք գնում, երբ «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչներին ասում էինք, որ եկեք միանանք, տիկին Փոստանջյանը մեզ ասում էր, թե արհեստականորեն ստեղծված դաշինքների հետ մենք անելիք չունենք։ Հիմա ժամանակը ցույց տվեց, թե ով է արհեստականորեն ստեղծված, ով՝ չէ։ Հենց առաջին նիստից հետո նկատելի էր, որ այսպես է լինելու։ Ցավում եմ, իհարկե, այս ամենի համար, բայց մեծ հաշվով «Երկիր ծիրանիի» գոյությունը որևէ ձևով մեր գործունության մեջ, որպես գործոն, չկա կամ, կարելի է ասել, 100-ից հետո գործոններից մեկն է»։
Իսկ «Ելք» դաշինքն, ըստ Ալեն Սիմոնյանի, ամեն օր զբաղված է Երևանում առկա որևէ խնդրի լուծմամբ։