30/06/2017 17:29
Շոփինգի սովորություն չունեմ, բայց այցելած երկրից մտերիմներին փոքրիկ սիմվոլիկ բան եմ բերում. Վահրամ Բաղդասարյան
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նախընտրում է հանգիստն անցկացնել ընտանեկան միջավայրում: Aysor.am-ի ամառային հանգստի մասին հարցերին պատասխանում է Վահրամ Բաղդասարյանը:
- 3 իր, որ պարտադիր վերցնում եք հանգստի գնալիս:
- Գիրք, հանգստի ժամանակ բավականին շատ եմ ընթերցում: Վերցնում եմ նաև կենցաղային պարագաներ, մասնավորապես, սափրվելու պարագաներս, երրորդը… դժվարանում եմ ասել:
- Ի՞նչ գիրք եք կարդալու այս տարի:
- Այս անգամ Դրայզեր եմ որոշել վերընթերցել, երևի «Տիտանը»:
- Ի՞նչ իր եք Ձեզ հետ բերում այցելած երկրից:
- Փոքրիկ հուշանվերներ: Ես շոփինգի սովորություն ընդհանրապես չունեմ, բայց մտերիմների համար փոքրիկ սիմվոլիկ բան եմ բերում:
- Մարգարիտա՞, թե՞ Տեկիլա:
- Անկեղծ ասած, ավելի շատ նախընտրում եմ գարեջուրը, որովհետև հանգստի գնում եմ ամռանը, իսկ այդ ժամանակ գարեջուրն ավելի նախընտրելի է: Մեկ գավաթը բավական է:
- Ո՞ւմ հետ եք սիրում գարեջուր խմել:
- Գարեջուր սիրողների:
- Այսինքն ընկերների՞:
- Այո:
- Շարունակեք միտքը՝ սիրում եմ ամառը, որովհետև…
- Բայց նախ պետք է հարցնեք՝ սիրո՞ւմ եմ, թե՞ չէ (ծիծաղում է, հեղ.):
- Լավ, չեմ սիրում, որովհետև …
- Չէ, սիրում եմ, որովհետև դա ժամանակ է մտքերն ի մի բերելու և հետագա գործունեությունը շարունակելու, որովհետև տարվա մնացած ընթացքում ծանրաբեռնված ես լինելու և դրա ժամանակը չի լինելու: Ուսանող ժամանակ էլ է այդպես եղել: Ամառը բավական օգտակար է, որ անցած ամիսներն ի մի բերես ու ավելի թարմ ուժերով շարունակես:
- Եթե հանգիստ, ապա…
- Ապա հաճելի շրջապատ պետք է լինի:
- Ընկերներ, ընտանիք…
- Բնականաբար: Պետք է ոչ պրոտոկոլային, ոչ պարտադրված լինի՝ ընկերներ ու ընտանիք:
- Մեգապոլի՞ս, թե՞ ծովափ:
- Ավելի շատ բնությունն եմ նախընտրում, անաղմուկ միջավայրը:
- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:
- Վանաձոր:
- Թրամփն ասում է.«Եթե սիրում ես աշխատանքդ, արձակուրդի գնալու կարիք չունես», համաձա՞յն եք:
- Ես շատ քիչ եմ արձակուրդիցս օգտվել, բայց դա անկախ տարիքից՝ անհարժեշտություն է, որովհետև բոլոր ժամանակներում մարդկային օրգանիզմը հանգստի կարիք է զգում, դա պետք է ճիշտ կողմոնորշվելու, նյարդային համակարգի և ավելի առույգ լինելու համար:
- Որքա՞ն ժամանակ է պետք Ձեզ իդեալական հանգստի համար:
- Ես 10 օրից ավելի չեմ կարողանում հանգստանալ: Երբ հեռու եմ լինում, այստեղը ձգում է, ուզում եմ հետ գալ: Ճիշտ հանգստանալու դեպքում 10 օրը բավական է: Եթե հանգիստը ճիշտ չես օգտագործում, 1- 2 ամսին էլ բավական չի լինի:
- Այս տարի է՞լ եք Վանաձորում հանգստանալու:
- Հիմնականում Վանաձորում եմ հանգստանում, բայց ամառվա ընթացքում հավանաբար պաշտոնական այցով նաև Արցախ կգնամ, որից հետո Վանաձոր: