03/07/2017 15:52
Արձակուրդների հետքերով. Արծվիկ Մինասյանը վերջին անգամ արձակուրդ գնացել և հանգստացել է 6 տարի առաջ
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վեց տարի է, ինչ չի հանգստացել, բայց այս տարի որոշել է սխալն ուղղել։
Aysor.am-ի հետ զրույցում նախարարը «վերադարձել» է դպրոցական տարիների արձակուրդներ, «հետ եկել» ուսանողական տարիներ ու պլանավորել այս տարվա արձակուրդը։
«Ինչպես գյուղում ծնված և մեծացած յուրաքանչյուր երեխա, արձակուրդներն անցկացնում էի գյուղում՝ ի տարբերություն քաղաքում մեծացող երեխայի, որը ձգտում է գյուղ գնալ: Բայց, միաժամանակ, մեկ անգամ նաև ամառային արձակուրդին գնացել եմ Հանքավանի «Գագարին» ճամբար հորեղբորս տղայի հետ, որտեղ հրաշալի ժամանակ ենք անցկացրել և քույրս էլ, ի դեպ, մեր ջոկատավարն էր», - Aysor.am-ի հետ զրույցում նախարարը վերհիշում է դպրոցական օրերը։
Ուսանողական տարիներին Արծվիկ Մինասյանի հանգստի կազմակերպման ծրագրերում ոչինչ չի փոխվել։
«Արձակուրդը, բնականաբար, անցկացնում էի գյուղում, բայց արդեն զբաղմունքն այլ էր. զբաղմունքը աշխատանքն էր գյուղական միջավայրում, որպեսզի ընտանիքի եկամուտը պատշաճ ապահովես», - պատմում է նա։
Մինչ շատերը երանի են տալիս նախարարի պաշտոնին՝ կարծելով, որ ամեն ինչ ուրախ է ու անհոգ, Արծվիկ Մինասյանի օրինակով կարելի է պնդել, որ դա այդքան էլ երազանքների պաշտոն չէ։ Ինչո՞ւ, որովհետև այժմ նախարարը ոչ թե հանգստանում է, այլ ձգտում է հանգստանալ։
«Պաշտոնյա եղած ժամանակահատվածում ձգտում ես, որ ունենաս հանգստի հնարավորություն, սակայն, բնականաբար, միշտ չէ այդ հնարավորությունը ընձեռնվում: Ցավալիորեն, վերջին անգամ արձակուրդ գնացել և հանգստացել եմ վեց տարի առաջ, բայց որոշել եմ այս տարի հանգստանալ, ուժերս վերականգնել: Հաճախ է եղել, երբ պաշտոն ունենալու տարիներին այցելել եմ նորից գյուղ կամ, լավագույն դեպքում, ծովափնյա հանգիստն է եղել Վրաստանի ափերին», - անկեղծանում է բնապահպանության նախարարը։