10/07/2017 12:07
Արծվանիստի հարսը. Գեղարքունիքի մարզ. Լուսանկարներ
33-ամյա Մարինեն իրենց տանը պատահած բոլոր տարաներում ջուր է լցրել ու դրել արևին. Սպասում է՝ տաքանա, որ լվացքն անի։ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում գազով ջուր տաքացնելը թանկ հաճույք են համարում. ո՞վ պետք է գազի վարձ տա։
Կենցաղային հոգսերը Մարինեի իրական տարիքը, կարծես, կրկնապատկած լինեն՝ սև, փոս ընկած աչքերի շուրջ կնճիռներ են գոյացել, ատամնաշարի դիմացի ատամները մեկ-երկուսն են մնացել, ինչն էլ աղավաղել են երիտասարդ կնոջ խոսքը։ Մեզ դիմավորում է լայն ժպիտով ու սուրճ առաջարկում։
Մտնում ենք տուն, դուռը փայտից է՝ հին, կիսաքանդ, պատուհաններից դեռ չեն հանել ձմռանից մնացած պոլիէթիլենային ծածկը։ Տան գլխավոր մուտքից ձախ խոհանոցն է՝ ժանգոտած լվացարանով, իսկ աջ կողմում դաշտի փոշով ծածկված կոշիկներն էին։
Հյուրասենյակում մեզ դիմավորում են ձմռան վառարանի ծխից սևացած պատերը, ոտքերի տակ քանդված հատակը ճռթճռթում է։ Տանը իրերը դասավորված չեն։ Մարինեն, մի տեսակ, արդարանում է. «Կներեք, չեմ հասցնում»։ Բեգլարյանների տուն հարս եկել է հարևան տնից և այժմ նրանց ընտանիքը բազմանդամ է. Մարինեն ու նրա ամուսինը՝ Հովհաննեսը, չորս երեխա ունեն, ինչպես նաև ամուսնու հայրն ու եղբայրը։
«Դժգոհ չեմ, բայց գոհ էլ չեմ», - ասում է Մարինեն։ Խմոր է արել, դրել է տանը, որ «խմորը գա», հաց թխի։ Ասում է՝ ձեռնտու է։ Հասարակ հաշվարկն է ստիպել գալ էդ համոզմունքին. «Հացը մեր խանութում արժի 250 դրամ, մեր ընտանիքի համար մի օրվա ուտելու պետք ա մի հինգ-վեց հաց։ Բայց չորս կիլո ալուրով երկու օրվա հաց եմ թխում։ Համով ա, երեխեքն ուտում են»։ Երեխաներից երեքն աղջիկ են, մեկն էլ տղան է։ Սկզբում ամաչում են, հետո գալիս, կանգնում, որ նկարվեն։ Երկուսն են դպրոցական։
Ինչպե՞ս են ապրում հարցը, երեխաների հոր՝ 40-ամյա Հովհաննեսի համար զվարճալի էր. «Շատ հետաքրքիր հարց էր, մեզ էլ ա դա հետաքրքրում, - ծիծաղեց Հովհաննեսը ու շարունակեց, - չնայած՝ համ լավ, համ վատ։ Կարող ա պահի տակ լավ ապրենք, կարող ա՝ էնքա՜ն վատ։ Ստաբիլ գումարը աղքատության նպաստն ա, մեկ էլ պապայիս թոշակը, իսկ մնացածը, Թումանյանի ասած, մի կտոր չոր հաց՝ էն էլ հրեն երկնքից կախված»։
Հողագործությամբ զբաղվում են, ունեն մեկ կով՝ ընտանիքին կաթ է հասցնում։ «Կարտոլը ցանում ենք, յոթանասուն-ութսուն դրամով գալի տանում են։ Էն էլ մշտական բան չի, կարող ա մեկ էլ ու կարկուտը վնասի», - ասում է Հովհաննեսը։ Կարտոֆիլ ցանելը, նրա կարծիքով, իրենց տարածաշրջանում մի տեսակ իներցիայով է արվում։ «Օգուտ ստանան-չստանան, կարտոլ են ցանում», -նշում է նա։
Արդեն ճերմակած տղամարդը արտագնա աշխատանքի մասին դեռ չի մտածում, ասում է՝ չի կարող կնոջը միայնակ թողնել, գնալ ռուսաստաններ, բայց կարիքը շատ կա։ «Որ կինս գնում ա ծնողական ժողով, ես մնում եմ փոքր երեխեքի մոտ։ Բա որ ես գնամ, ո՞վ մնա», - ժպտում է Հովհաննեսը։
Ապագայի մասին հարցին հոգսերի տակ կքած բազմազավակ հայրը բավական լավատեսական պատասխան է տալիս. «Ապագայի հետ հույս կապում եմ, ուրիշ տեղ ապագա չունենք»։ Կինը շտապով ընդհատում է ամուսնուն. «Ի՞նչ ապագա, ապագա չկա»։ Սակայն ամուսինն անդրդվելի է. «Դե ըտենց սխալ ա էլի, եթե Հայաստանը դատարկվի, ի՞նչ Հայաստան։ Մենք պետք ա մնանք ու ապրենք Հայաստանում»։