12/07/2017 17:15
Ամառը երազելու ժամանակ է, երբ ծրագրեր ես կազմում՝ ինչ պիտի անես. Շուշան Պետրոսյան
Շուշան Պետրոսյանի համար ամառը երազելու ժամանակ է: Իդեալական հանգիստը Շուշան Պետրոսյանի համար ծովափնյա հանգիստն է: Aysor.am-ի ամռան հանգստի մասին հարցերին այս անգամ պատասխանում է երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
- Նշեք 3 իր, որ ձեզ հետ վերցնում եք հանգստի գնալիս:
- Գիրք, լողազգեստ և սուրճ:
- Ի՞նչ գիրք եք կարդալու այս տարի:
- Գուրգեն Խանջյանի նոր գիրքը՝ «Տուր ձեռքդ, պստլո»:
- Ստացվո՞ւմ է լիակատար հանգստանալ ու լիցքաթափվել, թե նորություններին հետևում եք:
- Երբ ժամանակը տրամադրված է հանգստին, փորձում եմ հնարավորինս հեռու լինել նորություններից, որովհետև ես ինքս սարսափելի էմոցիոնալ և ակտիվ մարդ եմ, և եթե որևէ նորություն ինձ հուզեց, ապա հանգիստս «վարի է գնալու», դրա համար ճիշտ է, որ եթե ուզում ես հանգստանալ, գոնե մի շաբաթ հեռու մնաս ամեն ինչից:
- Ի՞նչ եք բերում ձեզ հետ հանգստի վայրից:
- Ես մագնիսների հավաքածու ունեմ: Մի ամբողջ սառնարան լցված է, արդեն կողքերն էլ են զբաղված: Դրանից բացի՝ մի նոր հոբբի ունեմ. ափսեներ եմ հավաքում: Սկսվեց Լոնդոնից, հետո Հունաստանից, հետո աշխարհի որ երկիր գնում էի հյուրախաղերի, ափսե էի բերում: Մեծ հավաքածու ունեմ, պարզապես հիմա տանս այդ պատը չկա, որ կիրառեմ, բայց վստահ եմ, որ արհեստանոցս վերանորոգեմ, մի պատն ամբողջությամբ այդ հավաքածուն կլինի: Տարբեր մշակույթների ափսեներ են և՛ ռուսական, և՛ հունական, և՛ հռոմեական և՛ ասորական, և ՛պարսկական: Ունեմ Իսպահանից գնած պղնձի վրա հրաշալի աշխատանք: Տեսնելով, որ այդպիսի նոր մուլուցք ունեմ՝ ինձ Ավստրալիայի օպերային թատրոնի հոբելյանական մի ափսե են նվիրել: Մի խոսքով, հետաքրքիր հավաքածուներ ունեմ:
- Մեգապոլի՞ս, թե՞ ծովափ:
- Ծովը կարևոր մասն է: Եթե ծովը կա, կարևոր չէ, թե կողքն ինչ կլինի: Ես լավ լողորդ եմ և ինձ ջուրը սպեղանու պես վերականգնում ու բուժում է:
- Սուրճ Փարիզո՞ւմ, թե՞ թեյ Անգլիայում:
- Ջուր Ապարանում (ծիծաղում է, հեղ.)
- Մոխիտո՞, թե՞ Արյունոտ Մերի:
- Մոխիտո:
- Արցա՞խ, թե՞ Եվրոպա:
- Ես Արցախում աշխատում եմ, այնպես, որ եթե հանգիստ ապա Եվրոպայում, Արևելքում, որևէ տեղ: Կա Արցախ և կա աշխարհ, որտեղ կարող ես ճամփորդել, բայց Արցախը ինձ համար կարևորագույն աշխատանքի ոլորտն է:
- Շարունակեք միտքը՝ սիրում եմ ամառը, որովհետև …
- Որովհետև իմ՝ Շորժա գնալու ժամանակն է: Այնտեղ ես հանգստանում եմ 1981 թվականից: Այնտեղ ես նկարում եմ, գրում եմ, այնտեղ ես ազատ եմ, վայրի բնության մեջ ամեն քարը գիտեմ և ճանաչում եմ: Ես այնտեղ հանգիստ եմ իմ զավակների համար, որովհետև իրենք էնտեղ մեծացել են մեկը 7 ամսականից, մեկը 11-ից: Առաջին անգամ ջուրն եմ այնտեղ մտցրել իրենց: Ամառն ինձ համար «Շորժա» անվան հետ է ասոցացվում: Միշտ չէ, որ Շորժա եմ գնում, բայց գոնե 3-4 օրով աշխատում եմ գնալ: Ամառը երազելու ժամանակ է, երբ ծրագրեր ես կազմում, թե ինչ պիտի անես, հասկանում ես՝ ինչը չես արել նաև մի քիչ քնում ես, զավակներիդ ես ավելի շատ ժամանակ տրամադրում: Ամառը… չգիտեմ, գարուն եմ սիրում ես, աշնանն էլ տխրում եմ:
- Եթե հանգիստ, ապա…
- Ապա անպայման լողը պիտի առկա լինի:
- Քանի՞ օր է անհրաժեշտ լիակատար հանգստանալու համար:
- Այս տարի 2 շաբաթ եմ տրամադրելու ինձ և զավակներիս: Մեծ տղաս այս տարի Թերլեմեզյանը հրաշալի դիպլոմով ավարտեց, փոքրս էլ դպրոցական տարին լավ թվանշաններով ավարտեց: Սա պիտի խրախուսվեր, ինչի համար որոշեցի լավ հանգիստ կազմակերպել:
- Որտե՞ղ:
- Մեկ շաբաթ Փարիզում, մեկ շաբաթ Նիսում՝ ծովափում: Ուզում եմ տղաս տեսնի Լուվրը, Ռոդենի թանգարանը, Պիկասոյի տուն-թանգարանը և այլն:
- Դոնալդ Թրամփն ասում է. «Եթե սիրում ես աշխատանքդ, ուրեմն հանգստի կարիք չունես»: Ինչպե՞ս եք վերաբերում այս մտքին:
- Անկեղծ ասած, Դոնալդ Թրամփի որևէ միտք ինձ համար չէր կարող դրոշակ լինել, բայց փաստորեն մեկ-մեկ լավ բաներ ասում է: Այս հինգ տարվա մեջ առաջին անգամ եմ ինձ հանգիստ տրամադրում: Այս ընթացքում երկրից դուրս չեմ եկել, աշխատել եմ սահմանամերձ շրջանում: Եթե դուրս գալու հնարավորություն եմ ունեցել, 1-2 օրով Շորժա ենք գնացել, այսինքն՝ էլի Հայաստանում եմ եղել, իսկ տղաներիս այս տարվա ուսումնական հաջողությունները դարձան առիթ, որպեսզի ինձ տրամադրեմ հանգիստ: