13/07/2017 18:25
Արձակուրդների հետքերով. Տրանսպորտի նախարարն այն նախարարների շարքն է համալրում, ովքեր հանգստի ժամանակ չեն գտել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ամառային արձակուրդները հաճույքով անցկացրել է Սևանա լճում։
«Դպրոցական տարիներին, հիշում եմ, որ սիրում էի հանգիստս անցկացնել Սևանա լճում: Այդ տարիներին հաճախ եմ նաև շրջագայել Խորհրդային միության երկրներով», - Aysor.am-ի հետ զրույցում, վերհիշելով դպրոցական ամառային արձակուրդները, նշում է նախարարը։
Ուսանողական տարիներին Վահան Մարտիրոսյանի արձակուրդային կյանքում լուրջ փոփոխություններ չեն եղել։
«Հանգստի կազմակերպման առումով առանձնապես շատ փոփոխություններ չեղան ուսանողական տարիներին, բացի այն, որ մի երկու անգամ եղա արտասահմանյան մի քանի երկրներում», - պատմում է նա։
Վահան Մարտիրոսյանն այն նախարարների շարքն է համալրում, ովքեր դեռ հանգստի ժամանակ չեն գտել։
«Աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ դեռ չի հաջողվել գնալ արձակուրդ», - նշում է նա։
Ընտանիքի հետ անցկացնելու ժամանակ, թերևս, նախարարը քիչ է ունենում. ընտանիքը վայելում է նրա ներկայությունը միայն կիրակի օրերին։
«Հանգստյան միակ` կիրակի օրը, փորձում եմ անցկացնել ընտանիքիս հետ», - նշում է Վ. Մարտիրոսյանը։