14/07/2017 17:52
«Երեխես մենակ Մարտունա համա՞ր ա կռվել». բժիշկները մերժել են ապրիլյան պատերազմում զոհվածի մորը (Տեսանյութ, լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի կենտրոնում նոր զրուցարան են կառուցել ու ասֆալտապատել դրան հարակից փողոցը: Գյուղի երիտասարդներից Արսենն ասում է. «Մեր Նորիկի պատվին ա էս սաղ»: Արսենը նկատի ունի ապրիլյան պատերազմում հենց զոհված Նորիկ Սարգսյանին:
Նորիկի տունը հենց այդ փողոցում է, որը նոր է ասֆալտապատվել: Դարպասներից ներս մեզ դիմավորում է Նորիկի փոքր եղբայրը, հետո՝ եղբոր կինը ներս է հրավիրում, իսկ տանն արդեն մայրն է բազմոցին նստած՝ 46-ամյա Լենա Սարգսյանը՝ նիհար, երկար, ճերմակ մազերը ծոծրակին կապած: Նորիկի մասին մեր հարցերից տիկին Լենայի կապույտ աչքերը արցունքով են լցվում:
«Մինչև տարին լրանալը սպասում էինք, որ կգա էլի, բայց դե որ իրա ընկերների ծառայությունը պրծավ, իրանք եկան, էլ արդեն հույսներս կտրվավ», - ասում է տիկին Լենան:
Նորիկը 2016-ի ապրիլի 1-ին եղել է դիրքերում, դրանից հետո կապը որդու հետ խզվել է: Նորիկը հակառակորդի կողմը գերի ընկած տղաներից է եղել, որի մարմինը հայկական կողմին է փոխանցվել Կարմիր խաչի օգնությամբ:
«Մի քանի օր չէր զանգում, ասում էինք դե պատերազմ ա, հնարավորություն չկա զանգելու, բայց կողքի ընկերը՝ մեր գյուղացին, ամեն օր զանգում էր: Հետո զանգում էինք մեծերին, ասին՝ չենք կարա ասենք: Որ ըտենց ասին, արդեն զգացինք, որ ինչ-որ բան կա: Բայց երեխեն գերի էր ընկել», - պատմում է մայրը:
Նորիկից բացի, տիկին Լենան ունի ևս չորս որդի ու մեկ դուստր: Ասում է՝ հազիվ են ապրում: Նորիկի մահից հետո տարբեր անձանց կողմից նվիրաբերված գումարով տունն են վերանորոգել: Տանը հարակից կիսակառույցը կանգնեցնելու համար գումար չունեն: Լենա Սարգսյանն ասում է, որ եթե գումար լիներ կկառուցեին ու որդիներից մեկը ընտանիքով կտեղափոխվեր այնտեղ ապրելու:
«Էդ մի տարին էր, եկան երևացին ու վերջ: Տարին լրացել ա՝ էլ ոչ մի բան», - ասում է նա:
Երեխաներից երկու որդիներն արտագնա աշխատանքի են՝ Ռուսաստան, վեց ամիսը մեկ գնում են, աշխատում ու հետ գալիս: Մյուս երկու որդիները անչափահաս են: Երրորդ որդուն մի քանի տարի հետո բանակ կուղարկեն: Ամուսինը՝ Զավեն Սարգսյանը, 3-րդ կարգի հաշմանդամ է, սակայն վերջերս են տեղեկացել, որ զրկվում են հաշմանդամության թոշակից:
«Էլի գումար էր տուն գալիս, աճող, բազմացող ընտանիք ա», - նեղսրտում է տիկին Լենան ու շարունակում. «Մենակ տանեն, տանեն ու հետ չբերեն»: Տարբեր խնդիրների լուծման համար դիմած զոհված զինծառայողի մորը պատկան մարմինները մերժել են, ու 46-ամյա կինը հիասթափված է:
«Թուղթ են տվել, որ ինչ-որ հիվանդություն բուժելը ձրի ա, բայց ցույց եմ տվել, ասում են՝ դու մարտունեցի ես, տար Մարտունի, ցույց տուր, էդի եղավ արդարությո՞ւն: Բայց ինձ տվել են էդ թուղթը, որ որպես զոհվածի ծնող՝ ձրի բուժվեմ: էդի բժշկի խո՞սք ա, որ ասում ա՝ քո երեխեն մարտունեցի ա, թող ընդեղ բուժվի: Շատ նեղվա էլի, ուրեմն իմ երեխեն մենակ Մարտունու համա՞ր ա կռվել», - ասում է տիկին Լենան: