15/07/2017 12:04
Հուրգադայում զինված հարձակման հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկը վիրահատվել է
Հուրգադայում «Zahabia» հյուրանոցում զինված հարձակման հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկը վիրահատվել է, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
«Նա վիրահատվել է, վիճակը միջին ծանրության է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Վիրավոր մյուս քաղաքացին արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։ Նրա վիճակը բավարար է», - նշեց Տ.Բալայանը։
Խոսնակը տեղեկացրեց՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանը կապի մեջ է տուժածների հետ, ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
Տ.Բալայանը նաև պատմեց, որ հարձակում գործած անձը վնասազերծվել է վիրավորված ՀՀ քաղաքացու օգնությամբ։ Մասնավորապես, վիրավոր վիճակում, նա շեզլոնգով հարվածել է հանցագործի գլխին։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ վիրավորների թվում ՀՀ քաղաքացի երկու կին կա։