17/07/2017 14:31
Արձակուրդների հետքերով. Ուսանող Լևոն Ալթունյանը պարահրապարակի դիջեյն է եղել
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վառ գույներով է հիշում դպրոցական տարիների ամառային արձակուրդները։
«Դպրոցական տարիների ամառային հիշողություններիս մեջ երևանյան փափուկ ասֆալտն է, տոթ, կինո «Պիոները»` 10 կոպեկ արժողությամբ տոմսով և կինո «Մոսկվան»` 25 կոպեկանոց տոմսով, ինչպես նաև մեր բակի ծառերի զովը», - Aysor.am-ի հետ զրույցում, վերհիշելով դպրոցական ամառային արձակուրդները, նշում է նախարարը։
Նրա հիշողությունները, սակայն, այսքանը չեն. Լևոն Ալթունյանը նաև ամառային հանգիստը ծովափերում է անցկացրել։
«Իհարկե, ամռան ընթացքում ծնողներիս հետ նաև ծովափնյա հանգստի էինք մեկնում Սոչի, Գագրա կամ Պիցունդա», - պատմում է նա։
Արդեն ուսանողական տարիներին Լևոն Ալթունյանն ընկերների հետ է մեկնել հանգստի։ «Ուսանողական տարիներին ընկերներով էինք ինչ-որ տեղ մեկնում։ Փորձում էինք ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնել։ Աշխատում էինք հնարավորինս օգտվել խորհրդային տարիների ընձեռած հնարավորություններից, այդ թվում, ուսանողական ջոկատներ մեկնելու», - պատմում է նա։
Առողջապահության նախարարը վառ հիշողություններ ունի Իրկուտսկի, Բայկալի, Ղազախստանի շինջոկատային կյանքից։
«Մինչև հիմա պահպանվել է Իրկուտսկի մարզի Տուլունսկի շրջանի Ռոսսվետ կոլտնտեսության նախագահից ստացած պատվոգիրը` հասարակական կյանքին ակտիվ մասնակցության համար։ Այնտեղ գյուղի դպրոցը կառուցելուց հետո երեկոյան ազատ ժամերին պարահրապարակի դիջեյն էի», - անկեղծանում է Լ. Ալթունյանը։
Ինչպես գործընկերները, Ալթունյանը, նույնպես, այս տարի դեռ չի հանգստացել։
«Որպես պաշտոնյա դեռ չեմ հանգստացել։ Երբ ընտանիքով էինք հանգստանում, կնոջս հետ մեքենա էինք վարձակալում և շրջագայում։ Աշխատում էինք հնարավորին չափ լավ ճանաչել այն երկիրը, որտեղ գտնվում էինք, մարդկանց, նրանց կյանքի առանձնահատկություններն ու հետաքրքրությունները։ Դրանք հիմնականում Արևմտյան Եվրոպայի մեծ և փոքր քաղաքներն էին։ Անկեղծ ասած, հիմա երազում եմ ավտոստոպով Սկանդինավիայով կամ Հարավ-արևելյան Ասիայով շրջագայել։ Բայց, եթե հաջողվի, տղայիս հետ մի քանի օրով ծով կգնանք», - ասում է ՀՀ առողջապահության նախարարը։