17/07/2017 15:54
ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց վարորդական իրավունքով աշխատել ՌԴ-ում, երբ ռուսերենը Հայաստանում պետական կարգավիճակ ստանա. Լարված քննարկում Պետդումայում
ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ հայաստանցի վարորդները կկարողանան իրենց վարորդական իրավունքներով աշխատել Ռուսաստանում այն դեպքում, եթե ռուսերենը Հայաստանում ստանա պետական լեզվի կարգավիճակ, հաղորդում է Interfax-ը:
Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ, օրինակ, Ղրղզստանի և Բելառուսի քաղաքացիները ունեն իրենց վարորդական իրավունքները Ռուսաստանում կիրառելու հնարավորություն:
«Պատճառն այն է, որ այս երկու երկրների քաղաքացիները երթևեկության կանոնները սովորում են ռուսերենով և աշխատանքում նրանց օգնում է լեզվի իմացությունը», - նշել է Վ.Վոլոդինը:
Իր հերթին Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանում չկա գոնե մեկ դպրոց, որտեղ չսովորեին ռուսերեն ու հայերն այն շատ լավ գիտեն:
«Այդ դեպքում կարող եմ միայն մի բան ասել` ամրագրեք ռուսերենը որպես պետական լեզու ու այդ դեպքում երթևեկելու թույլտվությունը կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա», - արձագանքել է Վ.Վոլոդինը:
Ա.Բաբլոյանն ընդգծել է, որ դա ԵԱՏՄ սկզբունքների խախտում է, քանի որ, ստացվում է, որ Միության երկրներից միայն Հայաստանն է զրկվում ազգային վարորդական իրավունքի կիրառության հնարավորությունից:
«Հիմնական սկզբունքը, որով մենք սկսել ենք համագործակցությունը, կառուցվում էր չորս հիմնական ազատությունների վրա. կապիտալի տեղաշարժի ազատություն, աշխատուժի տեղաշարժի ազատություն, ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ազատություն: Մենք ինչ-որ կերպ խախտում ենք մեր պայմանավորվածությունը և կարծում եմ, որ դա հարվածում է ինչպես մեր միության հեղինակությանն, այնպես էլ հետագայում բարդություններ կստեղծի տնտեսական միությանը անդամակցել ցանկացողների համար: Նրանք կտեսնեն, որ մեզ մոտ կան որոշակի պայմանավորվածություններ, իսկ հետագայում կայացվում են մեկ այլ որոշումներ», - ընդգծել է Արա Բաբլոյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017թ. հուլիսի 1-ից ՌԴ-ում վարորդներին կարգելվի աշխատել իրենց երկրների վարորդական իրավունքներով: