20/07/2017 11:39
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրին
ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Նշվում է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայասատանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Նշենք, որ հայ-ռուսական զորքերի միացյալ զորախումբը խաղաղ ժամանակ ենթարկվում է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբին, իսկ պատերազմական իրավիճակում կարող է ենթարկվել ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։
«Միացյալ խմբավորման հրամանատարը խաղաղ ժամանակ ենթարկվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին, իսկ անմիջական ագրեսիայի կամ պատերազմի ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին կամ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին: Այս որոշումը կկայացվի երկու երկների գերագույն գլխավոր հրամանատարների կողմից` համատեղ», - ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:
Համաձայնագրով սահմանվում է նաև, որ խմբավորման ղեկավարման համար ստեղծվում է համատեղ հրամանատարություն, հրամանատարը նշանակվում և ազատվում է պաշտոնից ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից` համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ՌԴ Պետական Դուման վավերացրել է Հայաստանի հետ համատեղ զորախմբի մասին համաձայնագիրը, իսկ հուլիսի 19-ին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը: