26/07/2017 20:07
Թաթարստանում ճանապարհային ոստիկանը ստիպված է եղել կրակել հարբած գյուղացիների վրա
Թաթարստանի Շեմորդան գյուղում երեք հարբած տղամարդիկ հարձակվել են պետավտոտեսչության երկու աշխատակցի վրա։ Այս մասին ասվում է տարածաշրջանային ՆԳՆ կայքում, փոխանցում է Lenta.ru-ն:
«Տեսուչներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել, բայց դա չի կանգնեցրել հարձակվողներին։ Հաշվի առնելով, որ նշված անձինք կյանքի և առողջության համար սպառնալիք են ներկայացրել, տեսուչներից մեկը զենք է կիրառել ու ոտքից վիրավորել տղամարդկանցից մեկին»,- ասվում է հաղորդագրությունում։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ին, երեկոյան։ Հարբած տղամարդիկ մոտեցել են ոստիկաններին, երբ վերջինները վարորդներից մեկի փաստաթղթերն էին ստուգում։ Տղամարդիկ իրավապահներին նախ վիրավորել են, ապա ծեծել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Տուժածները տեղափոխվել են շրջանային հիվանդանոց։