04/08/2017 11:54
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը տապալվում է, դատավորին չի հաջողվում նիստ անցկացնել
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում դատավոր Տաթևիկ Գրիգորյանին չի հաջողվում շարունակել Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:
Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն, արա Զաքարյանն ու Տիգրան Եգորյանը չեն ներկայացել դատական նիստին, իսկ ամբաստանյալ Ռուբեն Սարգսյանի փաստաբան Արա Զաքարյանը դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ այսօր այս ժամին մեկ այլ գործով ավելի վաղ նշանակված դատական նիստ ունի, հետևաբար չի կարող ներկա գտնվել նիստին:
Իսկ Ներսես Պողոսյանի փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը չցանկացան, իրենց խոսքով, խուզարկության ենթարկվել և որպես փաստաբաններ չմասնակցեցին նիստին: Նինա Կարապետյանցը միայն քիչ ուշ դատարան մտավ որպես քաղաքացի՝ դարձյալ տարբեր տեսակի զննությունների ենթարկվելուց հետո:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դատարանում ընթերցեց Արա Զաքարյանի գրությունը և եզրակացրեց, որ Արա Զաքարյանի՝ անընդմեջ 3 նիստին բացակայությունը անհարգելի է՝ ելնելով այն բանից, որ «փաստաբանը իրավական օգնության մասին առաջարկը չպետք է ընդունի, եթե զբաղվածության կամ որևէ այլ պատճառով չպետք է ապահովի բարեխիղճ օգնություն»:
Դատավորի խնդրանքով դատարան բերվեց Ժիրայր Սեֆիլյանը, որից Տաթևիկ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք նա ունի այնպիսի պաշտպան, որը կմասնակցի դատական նիստին, նաև այն դեպքում, երբ նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառված կլինի:
Ի պատասխան՝ Սեֆիլյանը հայտարարեց. «Իմ պաշտպանները չեն բացակայում նիստերից, դուք եք դրան դրդում, դուք եք արգելում նրանց, որ ներկա լինեն նիստերին: Ընդհանրապես խանգարողը դուք եք, դուք չեք ուզում, որ նորմալ դատական նիստ լինի»:
Տաթևիկ Գրիգորյանը պնդեց հարցը. «Սեֆիլյան, դուք ունե՞ք այնպիսի պաշտպան, որը կարող է իրականացնել ձեր պաշտպանությունը ձեր բացակայությամբ»:
Սակայն Սեֆիլյանը անդրդվելի էր. «Իմ պաշտպանների անունները ձեզ ծանոթ են, դուք նրանց միտումնավոր թույլ չեք տալիս, որ ներկա լինեն նիստին: Եվ հետո որևէ պաշտպան իրավունք չունի իմ բացակայությամբ իրականացնել իմ պաշտպանությունը»:
Սեֆիլյանի հայտարարությունը լսելուց հետո, դատավորը կարգադրեց ուղեկցել նրան դատական նիստերի դահլիճից: